Ցուցահանդեսով կներկայանան Գյումրիի գեղանկարիչները

«Նարեկացի» արվեստի միության ցուցասրահում հունիսի 14-ին կբացվի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի ուսանողների և շրջանավարտների աշխատանքների ցուցահանդես: Կներկայացվեն 20 ստեղծագործողի շուրջ 40՝ տարբեր ժանրի, ոճի և ուղղվածության աշխատանքներ, այդ թվում՝ գեղանկար, քանդակ, գրաֆիկա և անիմացիա:

Ցուցահանդեսն անց է կացվում «Նարեկացի» արվեստի միության «Արվեստը մարզերում» մշտական շարքի շրջանակներում՝ «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործացությամբ: Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 24-ը: Մուտքն ազատ է:

«Արվեստը մարզերում» շարքը նպատակ ունի փոխադարձ շփման ու համագործակցության դաշտ ստեղծել մայրաքաղաքի ու մարզերի մշակութային համայնքների միջև: Ծրագրի շրջանակում մարզերում կազմակերպվում են համերգներ, ցուցահանդեսներ ու քննարկումներ:

Մարզային ստեղծագործողների համար ստեղծվում են մայրաքաղաքում ներկայանալու հնարավորություններ: Գյումրիի Գեղարվեստի ակադեմիայի սաների աշխատանքների ցուցահանդեսները «Նարեկացի»-ում անցկացվում են 2005-ից, իսկ 2011թ. նման ցուցահանդեսով Երևանում ներկայացել է 11 երիտասարդ նկարիչ Վանաձորից:

Մեկնաբանել