Պորտուգալիան կարևոր հաղթանակ է տանում Դանիայի նկատմամբ

Եվրո 2012-ի խմբային փուլի 2-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականը 3:2 հաշվով դժվարին հաղթանակ տարավ Դանիայի նկատմամբ և շարունակում է պայքարել փլեյ-օֆֆի ուղեգրի համար:

Ինչպես և սպասվում էր` պորտուգալացիները հանդիպման մեկնարկից տիրեցին նախաձեռնությանն ու մինչև խաղավարտ չզիջեցին այն: 24-րդ րոպեին Պորտուգալիայի ընտրանուն առաջ մղեց Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն, ով գլխի հարվածով եզրափակից Նանիի` անկյունայինց կատարած փոխանցումը:

12 րոպե անց պորտագալացիների բազմաքայլ գրոհն իր տրամաբանական ավարտին հասցրեց Էլվեր Պոշտիգան և կրկին վերջին փոխանցում կատարողը Նանին էր:

41-րդ րոպեին աչքի ընկնելու հերթը Դանիայինն էր: Կրոն-Դելիի փոխանցումից հետո Նիկլաս Բենդթները գլխի հարվածով գրավեց մրցակցի դատարկ դարպասը` 2:1:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Կրիշտիանո Ռոնալդուն մեն-մենակ դուրս եկավ Ստեֆան Անդերսենի դիմաց, սակայն չկարողացավ խփել իր թիմի 3-րդ գնդակը: Պորտուգալացիները շարունակում էին տիրել տարածքային առավելությանը, սակայն Դանիայի գրոհները պակաս վտանգավոր չէին:

78-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» առաջատար Ռոնալդուն, ում շատերը նաև Պորտուգալիայի հավաքականի առաջատարն են համարում հիասթափեցրեց վերջիններիս. Կրիշտիանոն երկրորդ անգամ միայնակ հայտնվեց Անդերսենի առջև և երկրորդ անգամ չկարողացավ գրավել նրա դարպասը: Դանիայի պատասխանը երկար սպասել չտվեց. 2 րոպե անց Նիկլաս Բենդթները գլխի հուժկու հարվածով հավասարեցրեց հաշիվը:

Թվում էր` հանդիպումն այսպես էլ կավարտվի և Ռոնալդուն դեռ երկար կհիշի իր վրիպումները, սակայն 87-րդ րոպեին Սիլվեստրե Վարելան դիպուկ հարվածով հաղթանակ պարգևեց իր թիմին` 3:2:

Պորտուգալիան շատ կարևոր հաղթանակ տարավ և վաստակած 3 միավորով հավասարվեց Դանիայի և Գերմանիայի հավաքականներին, ինչը նշանակում է, որ մահվան` B խմբում իրավիճակն էլ ավելի սրվեց: Գերմանիայի հավաքականը քիչ անց ուժերը կչափի առաջին տուրում դանիացիներից անակնկալ պարտություն կրած Հոլանդիայի ընտրանու հետ:

Մեկնաբանել