Իսպանիան ապացուցում է իր բարձր կարգը (տեսանյութ)

Իսպանիայի հավաքականը Եվրո 2012-ի խմբային փուլի երկրորդ տուրում 4:0 հաշվով հաղթեց Իռլանդիայի ընտրանուն և գլխավորեց C խումբը:

Բարդ է մեկնաբանել նման հանդիպման ընթացքը, սա հանդիպում չէր, այլ` միակողմանի խաղ. 90 րոպե Իսպանիան գրոհում էր, իսկ Իռլանդիան` փորձում հնարավորինս քիչ գոլ ընդունել:

Խաղի մեկնարկից իսպանացիներն անցան գործի և արդեն 4-րդ րոպեին հաշիվը բացեց Ֆերնանդո Տորեսը: Դժվար է ասել` այդուհետ ինչ էր կատարվում խաղադաշտում. իռլանդացիները պարզապես չէին հասցնում աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնների ետևից, և միայն փորձառու Շեյ Գիվենի անհավանական ջանքերի շնորհիվ առաջին խաղակեսը խոշոր հաշվով չավարտվեց:

Հաջորդ գոլը գրանցվեց 49-րդ րոպեին: Դավիդ Սիլվան, 3 պաշտպանի շրջափակման մեջ գտնվելով, ճիշտ կողմնորոշվեց ու գնդակն ուղարկեց Գիվենի դարպասի ստորին անկյունը:

70-րդ րոպեին Տորեսը դուբլ ձևակերպեց, իսկ 83-րդ րոպեին Սեսկ Ֆաբրեգասը, ով ընդամենը 2 րոպե առաջ էր փոխարինել Տորեսին, սուր անկյունից կատարած հուժկու հարվածով հաշիվը դարձրեց 4:0:

Այդուհանդերձ, Իռլանդիայի հավաքականի լավագույն ֆուտբոլիստն անկասկած Շեյ Գիվենն էր. միայն նրա ջանքերի շնորհիվ Իռլանդիան չպարտվեց 8, 10, կամ 12:0 հաշվով:

Իսպանիան ապացուցում է, որ պատահական չի Եվրո 2012-ի հիմնական ֆավորտը համարվում, իսկ Իռլանդիայի խաղը դիտելով ևս 1 անգամ համոզվեցինք, որ այն միակ թիմն է, որն արժանի չի հանդես գալ Եվրոպայի առաջնությունում:

2-րդ տուրից հետո Իսպանիայի և Խորվաթիայի հավաքականները վաստակած 4-ական միավորով գլխավորում են C խումբը, Իտալիան ունի 2 միավոր, Իռլանդիան` 0:

http://www.dailymotion.com/video/xrjfc0_yyyyyyy-yyyyyyyy-4-0-1_sport

Մեկնաբանել