Սփյուռքը Հայաստանին վերաբերվում է որպես թեմատիկ Դիսնեյլենդի

Colors of today’s beautiful sunset in Yerevan, Armenia

Այս շաբաթվա իր հեղինակային հաղորդմանը Էրիկ Հակոբյանը անդրադառնում է Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ավերմանը։ Նա նաև խոսում է այն մասին, թե ինչ պետք է անի հայկական սփյուռքը, և թե ինչ ուղերձ է պետք հղել Բաքվի լոբբիստներին ու այլախոհներին։

Ադրբեջանի կողմից մշակութային ցեղասպանության մասին

Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ երկու եկեղեցի՝ Սուրբ Աստվածածինը, և Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, նպատակադրված ոչնչացվել են։

Մշակութային ցեղասպանության այս գործողություններում պետք է դիտարկել երկու տարբեր գործոն․ նախ, հստակ հասկանալ Ադրբեջանի ներկա վարչակարգը, և ապա՝ թե ինչ է այն ուզում։

Երբ ոչնչացնում ես մի քանի հարյուր տարվա պատմություն ունեցող մշակութային հուշարձան, քեզ խաղաղությունն ու հարևանների հետ համերաշխ կյանքը չի հետաքրքրում։ Քեզ հետաքրքրում են էթնիկ զտումներն ու ցեղասպանությունը։

Միևնույն ժամանակ, այդ քայլերը պետք է ստիպեն մեզ դադար վերցնել ու մտորել՝ հարցեր ուղղել տարածաշրջանի դերակատարներին, և հարցեր ուղղել երկրի ներսում դերակատարներին։

Հարցեր չորս խմբերի

Ես ունեմ մի շարք հարցեր, և հարցերի առաջին խումբը կուղղեմ բավական անսովոր մի խմբի՝ ադրբեջանցի այլախոհներին։ Սրանք մեծամասամբ մարդիկ են, որոնց երկրից արտաքսել է Բաքվի ներկա ռեժիմը։ Հետաքրքիր է, որ պատերազմի ժամանակ նրանք բոլորն իրենց վրայից հանեցին այլախոհի գլխարկները և հագան ազգայնականի գլխարկներ, ինչը որոշ չափով հասկանալի է։ Սակայն հետո նրանք սկսեցին բերել բոլոր հնարավոր արդարացումները՝ Ադրբեջանի կողմից պատերազմում օգտագործվող վարձկան ահաբեկիչների, մշակութային հուշարձանների ավերման համար։

Նրանց հետևյալն եմ ուզում ասել՝ եթե դուք՝ որպես այլախոհներ, հարցականի տակ չեք դնում կամ մարտահրավեր նետում կամ չեք դատապարտում այդ ավերումը, դուք փաստացիորեն մեղսակից եք։ Ես կառաջարկեի ինքներդ ձեզ հարց տալ՝ ինչպե՞ս եք համարձակվում Արցախի ժողովրդին հորդորել հանձնել իրենց անկախությունն ու ազատությունը՝ ապրելու մի վարչակարգի ներքո, որից ինքներդ հրաժարվել եք և ինչի պատճառով հեռացել եք երկրից։

Երկրորդ հարցս ուղղված է Եվրոպական Միությանը։ Եթե դուք ակտիվ չեք դատապարտում մշակութային ցեղասպանության, վանդալիզմի այս գործողությունները, ես կառաջարկեմ խնայել ձեր կողմից կազմակերպվող կոնֆերանսների կամ խաղաղության կառուցման ու երկու հարևան երկրների ներկայացուցիչների՝ միմյանց հետ շփվելու միջոցառումների վրա ծախսվող գումարները։ Որովհետև դուք չեք ցանկանում բարոյական դիրքորոշում ընդունել ու հասկանալ, որ այս հակամարտության երկու կողմերը հավասար չեն։ Առաջարկում եմ խնայել ձեր գումարները և անցնել այլ բաների։

Երրորդ հարցս ուղղված է ՅՈՒՆԵՍԿՈ-ին։ Ձեր մշակութային դեսպաններից մեկը Ադրբեջանի փոխնախագահն է, որը նաև այդ երկրի առաջին տիկինն է՝ Մեհրիբան Ալիևան։ Հարց՝ ե՞րբ եք պատրաստվում վտարել նրան բարի կամքի ձեր դեսպանին իր պաշտոնից։ Որովհետև եթե նրան չեք վտարում, բարոյական ոչ մի իրավունք չունեք խոսելու աշխարհի որևէ մասում մշակութային խնդիրներից։ Ավելին, կարո՞ղ եք մեզ բացատրել՝ տիկին Ալիևայից կամ Ադրբեջանի վարչակարգից երբևէ ինչ բարի կամք է դուրս եկել։ Իսկապես կցանկանայինք իմանալ՝ ինչ բարի կամք եք նրան հանձնառել աշխարհով մեկ։

Չորրորդ հարցս ուղղված է մարքեթինգային ընկերություններին, լոբբիստներին, մեդիայի ներկայացուցիչներին՝ Բաքվի վարչակարգից ամեն ամիս 30 000 դոլար վճարումների առնչությամբ՝ արդարացնելու և կոծկելու այդ վարչակարգի հանցագործությունները։ Գիտեք՝ ում մասին եմ խոսում․ Դուք՝ ձեր հարվարդյան կրթական աստիճաններով, 5 000 դոլարանոց պիջակներով։ Բայց այս դեպքում, ի վերջո, ձեր արած գործը հետևյալն է՝ դուք վարձու ծառայում եք որպես մի վարչակարգի ձեռք, որը «Իսլամական պետության» և «Թալիբանի» բարոյական համարժեքն է, որովհետև այդ երկուսի հետ Ադրբեջանի վարչակարգը ոչնչացրել է ավելի շատ մշակութային հուշարձաններ, խախտել ավելի շատ մարդու իրավունքներ, քան որևէ այլ վարչակարգ այս երկրի վրա։ Կարող եք մեծապես հպարտանալ ձեր արած գործով։

Հարցեր ինքներս մեզ

Հեշտ է մեղադրել ուրիշներին՝ այս իրավիճակի համար, որում մեր մշակութային հուշարձանները հայտնվել են Բաքվի նեոֆաշիստական վարչակարգի ձեռքում։ Եվ սա մեր հազարավոր տարիների պատմություն ունեցող մշակութային ժառանգությունն է։ Ուստի, պետք է ինքներս մեզ այս բարդ հարցն ուղղենք՝ ի՞նչ ենք մենք արել, որ այս վիճակին ենք հասել։ Հեշտ է մեղադրել ուրիշներին, սակայն վերջիվերջո մենք պետք է պատասխանատվություն վերցնենք մեզ վրա, որովհետև եթե ինքդ չես պաշտպանում քո մշակույթն ու հուշարձանները, պատմությունը, ոչ ոք դա չի անի։

Ուստի, այս իրավիճակում հայտնվելու պատճառը սկսվում է մեր վարչապետից՝ որ ունենք վարչապետ, որը տեղյակ չէր իրավիճակից, չէր հասկանում բանակի իրական վիճակը և չարեց քայլեր՝ կանգնեցնելու պատերազմը ավելի շուտ ու ավելի լավ պայմաններով, որպեսզի մեր մշակութային հուշարձանների ավելի քիչ մասը հայտնվեր Բաքվի բարբարոս վարչակարգի ճիրաններում։

Երկրորդ պատճառը՝ այն, ինչի միջով անցել ենք հեղափոխությունից առաջ՝ կոռուպցիա, անգործունակություն և պետականաշինության բացակայություն։ Դա է մեզ հասցրել ներկա պահին, երբ մեր հուշարձանները հայտնվել են դրանք ոչնչացնել կամեցող ձեռքերում։

Երրորդ, հաշվի առնելով, որ այդ մշակութային կոթողների մեծ մասը եկեղեցիներ ու կրոնական հուշարձաններ են, խոսենք մեր Եկեղեցու մասին։ Անկախությունից ի վեր ավելի քան հարյուր նոր եկեղեցի է կառուցվել Հայաստանում։ Միևնույն ժամանակ, ունենք հարյուր, եթե ոչ հազար, կրոնական կոթողներ, որոնց մասին հոգ չի տարվում։ Ո՞ւր են մեր եկեղեցու առաջնորդները։ Եկեղեցիներ կառուցելու փոխարեն ինչո՞ւ նրանք ամեն կիրակի քարոզ չէին կարդում ազնվության, կոռուպցիայի նվազեցման և հայ ժողովրդի համար արդար պետություն կերտելու մասին։

Անցնենք մեր ռազմական առաջնորդներին, որոնք զենքերի գնման և բանակի նախապատրաստման գործում կարծես ավելի շատ հետարքրքված էին կոմիսիոն վճարներով, որոնք կստանային այդ զենքերի գնումից, քան թե որոնք են լավագույն զենքերը՝ երկրի պաշտպանության, մեր մշակութային ժառանգության պաշտպանության համար։

Հարցեր Սփյուռքին

Վերջում, կրկին, հեշտ է մեղադրել Հայաստանի բնակիչներին այս ձախողումներից շատերի համար, սակայն պետք է անդրադառնանք նաև Սփյուռքին։ Վերջին երեսուն տարիներին Սփյուռքում շատերը Հայաստանին վերաբերվել են որպես հայկական թեմատիկ խաղահրապարակ, որտեղ կարող ես գալ երկու շաբաթով, զվարճանալ, տեսարժան վայրերում լինել, կարծես՝ հայկական թեմատիկ Դիսնեյլենդում։ Դա է բերել մեզ այս պահին։ Որովհետև վերջին երեսուն տարիներին Սփյուռքը պետք է կենտրոնանար գործունակ տնտեսություն ու պետություն կերտելու վրա, պնդելու և, որ ամենակարևորն է, վճռականորեն ուշադրությունը կենտրոնացներ զրոյից երկիր ու պետություն կառուցելու վրա, մի բան, որ մեր Սփյուռքը ձախողեց անել։

Որպես ամփոփում՝ ո՞րն է հիմա մեր խնդիրը։ Առաջիկա հինգ-տասը տարում չկրկնել վերջին երեսուն տարվա սխալները և համախմբված աշխատել՝ Հայաստանի ներսում և դրսում բոլոր տարաբնույթ խմբերն ու խմբավորումները միասին, հասնելու երեք նպատակի՝ կառուցելու արդյունավետ տնտեսություն, պետություն և բանակ։ Համոզված եմ, որ եթե մենք խելք խելքի տանք, կարո՛ղ ենք դրան հասնել։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել