Հարևանների հետ պետք է խոսել, մենք չխոսենք՝ ուրիշները մեր փոխարեն խոսում են․ Անդրանիկ Քոչարյան

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը, ՍիվիլՆեթի տաղավարում պատասխանելով հարցին, թե արդյոք Թուրքիային մենք ընկալո՞ւմ ենք որպես թշնամի, թե՞ ոչ, ասաց՝ «հարևանների հետ մենք պետք է խոսենք, եթե մենք չխոսենք, ուրիշները մեր փոխարեն, այսպես թե այնպես, խոսում են»։

«Բայց Թուրքիայի հետ հարաբերություններում մենք պետք է հաշվի առնենք, որ 1915 թվականին տեղի է ունեցել ցեղասպանություն, որի պահանջատերը Հայաստանի ժողովուրդն է, և հիմա Թուրքիան էլ պետք է գիտակցի, որ հարաբերությունների շտկման համար միայն ինչ-որ քաղաքական գործիչների հայտարարություններով չէ, պետք են մոտեցնող քայլեր»,- ասաց Քոչարյանը։

«Երբ ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը գնում էր Օզալի թաղմանը, էստեղ շատ քաղաքական ուժեր դիտեցին դա որպես դավաճանություն, բայց դա քաղաքական առումով ճիշտ քայլ էր, չէ՞։ Քաղաքականությունը առաջին հերթին հնարավորությունների օգտագործման արվեստն է»,- նկատեց Անդրանիկ Քոչարյանը և որպես օրինակ բերեց ռուս-թուրքական հարաբերությունները․ ռուս-թուրքական պատերազմներից հետո էլ երկու պետությունները շարունակում են խոսել։

Հարցին, թե արդյոք որևէ մակարդակում կա՞ որևէ խոսակցություն պաշտոնական Թուրքիայի հետ, Քոչարյանը պատասխանեց, որ չի կարող ասել։

«Ես մի բան կարող եմ ասել, որ պետք է ունենալ այնպիսի խոսակցություններ, որոնք միտված կլինեն տարաբնույթ խնդիրների լուծմանը, օրինակ՝ գերիների հարցը, եկեղեցին էլ կարող է անելիք ունենալ, տարբեր պաշտոնյաներ, գործարարներ, անհատներ և այլն։ Խոսել պետք է։ Եվ այս հայտարարությունը ստորոգրելուց հետո, պատերազմի ավարտից հետո ես ասել եմ, որ դասեր պետք է քաղենք պարտությունից, որպեսզի կարողանանք վերականգնել մեր հնարավորությունները և պետք է ճշտենք՝ մեր հարաբերությունները ինչպես ենք կառուցում հարևանների հետ, բոլորի հետ․ ի՞նչ է, հայ-վրացական հարաբերությունները շոկոլադայի՞ն են։ Բոլոր հարաբերություններում ամեն մեկը փորձում է իր շահերից բխող օրակարգ ձևակերպել, և, բնականաբար, հարևանների հետ կարելի է նաև խոչընդոտները հաղթահարել»,- ասաց Քոչարյանը։

Ավելի վաղ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Առաջին ալիքին տված հարցազրույցում պատասխանելով «Թուրքիան Հայաստանի համար թշնամի՞ պետություն է, թե՞ ոչ» հարցին, ասել էր․ «Մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն»։ Գրիգորյանի հայտարարությունը քննադատության է արժանացել։

Սաթենիկ Հակոբյան

Մեկնաբանել