Մահացել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը): Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Հունանյանը։
Տեր-Թադևոսյանը երկու օր առաջ առողջության վատթարացման հետևանքով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, նա գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում։
Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել էր 1939-ի մայիսի 22-ին՝ Թբիլիսիում։ Ավարտել է Բաքվի զինվորական ուսումնարանը, այնուհետ Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։ Ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում, իսկ 1987 թվականից Հայաստանում։
1988 թվականից միացել է Ղարաբաղի ազատագրման պայքարին։ 1992-ի մայիսին Կոմանդոսը նախապատրաստել և իրականացրել է Շուշի քաղաքի ազատագրումը («Հարսանիք լեռներում» օպերացիա)։
Պարգևատրվել է առաջին աստիճանի ՀՀ Մարտական խաչ շքանշանով։ Արժանացել է Արցախի հերոս կոչմանը։