Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը շատ արդյունավետ եմ համարում․ Փաշինյան

Վարչապետը ապրիլի 7-ին աշխատանքային այցով Մոսկվայում էր։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է «Հայ իրավաբանների ասոցիացայի» մի քանի տասնյակ անդամների հետ: Այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։

Փաշինյանը նշել, որ Պուտինի հետ երեքուկես ժամ տևած բանակցությունների ընթացքում գործնականում քննարկել են օրակարգի բոլոր հարցերն ու նրբությունները: 

«Կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ շատ գոհ եմ հանդիպման արդյունքներից: Իհարկե ՌԴ նախագահի հետ շատ բաց հարաբերություններ են հաստատված, մանավանդ վերջին ամիսներին հարաբերություններն իրենց բնույթով անմիջական են դարձել: Այսօր էլ քննարկեցինք մեր երկկողմ օրակարգի բոլոր հարցերը, անդրադարձանք տարածաշրջանային, նույնիսկ միջազգային հարաբերությունների հարցերին: Հանդիպումն անցավ արդյունավետ, փաստաթուղթ չենք ստորագրել, բայց խոսել ենք մի շարք փաստաթղթերի մասին, այդ թվում` անվտանգային ոլորտի, նախկինում ստորագրված փաստաթղթերրի հետագա իրագործման մասին: Չնայած այդ փաստաթղթերը կամ համաձայնություններն իրագործվում են նաև այսօր: Գիտեք, որ ունենք հայ-ռուսական համատեղ զորախմբի մասին համաձայնագիր և համաձայնություն` տարածաշրջանային հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի մասին, որոնք գործում են»,- ասել է վարչապետը։

Մեկնաբանել