Իռլանդական համալսարանն ապշած է Վրաստանի և Ուկրաինայի դեսպանատների միջամտության փորձից

Իռլանդական համալսարանն ապշած է Վրաստանի ու Ուկրաինայի դեսպանատների՝ ակադեմիական դասընթացի բովանդակությանը միջամտելու փորձից, գրում է Civil.ge կայքը։

Դուբլինի քաղաքային համալսարանը (DCU) «ապշած է» Իռլանդիայում Վրաստանի և Ուկրաինայի դեսպանությունների կողմից «Ռուսաստան և հետխորհրդային տարածք» դասընթացի բովանդակության վերաբերյալ բողոքից, գրել է իռլանդական RTE News-ը։

Ապրիլի 8-ին Դուբլինի քաղաքային համալսարանի բարձրաստիճան վարչական և գիտական անձնակազմին, ինչպես նաև Կառավարության արտաքին գործերի բաժնի բարձրաստիճան պաշտոնյաներին ուղարկված համատեղ նամակում դեսպանությունները մեղադրում են դասընթացին՝ «ապատեղեկատվության և ռուսական քարոզչական թեզերի» տարածման մեջ:

Համալսարանը հերքում է մեղադրանքները` նշելով, որ «նամակը հավասար է քաղաքական միջամտության և խաթարում է ակադեմիական ազատության ժողովրդավարական հիմնարար սկզբունքը»:

Դասընթացը, որը վարում է նախկին խորհրդային հանրապետությունների վերաբերյալ լայն հետազոտական փորձ ունեցող պրոֆեսոր Դոնախա Ó Բեախինը (Donnacha O Beachain), ներգրավում է վրացական և ուկրաինական ծագմամբ բանախոսների, ինչպես նաև «ներկայացնում է ռուսական հեռանկարները»: Օրինակ, հաղորդվում է, որ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ավագ գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը ևս հրավիրվել է դասախոսություն կարդալու։

Համալսարանի մեկ այլ դասախոս, որը ստացել էր նամակը՝ Ջոն Դոյլը, ապրիլի 18-ին «Այս շաբաթ» ռադիոհաղորդման շրջանակում դիվանագետների քննադատությունը գնահատել է «բացարձակ աննախադեպ»` նամակը բնութագրելով որպես համալսարանի նախագահին ուղղված «գործընկերոջը դատապարտելու կոչ»: «Սխալ է, որ նրանք ուղարկել են այդ նամակը »,- ասել է նա՝ նշելով, որ այդ քայլը «դուրս է գալիս ժողովրդավարական հանրությունում դեսպանի դերի սահմաններից»:

Հաղորդվում է, որ Ուկրաինայի դեսպանատունը պատասխանել է՝ «ակադեմիական ազատության» դեմ հարձակման մասին մեղադրանքները համարելով «հուզական և անհիմն», և պնդելով, որ նամակը «երկու երկրների դեմ շարունակական ռուսական ագրեսիայի անհերքելի փաստեր է բերել»:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել