1-ին եռամսյակում պետբյուջեի գերակատարմանը էականորեն նպաստել է ՊՆ վճարած հարկերի աճը

պաշտպանության նախարարություն

2021-ի 1-ին եռամսյակում հարկային եկամուտների մասով ՀՀ պետական բյուջեն գերակատարվել է 27.9 մլրդ դրամով, ընդ որում՝ պաշտպանության նախարարության վճարած հարկերի նպաստումն այդ աճին կազմել է 6.1 մլրդ դրամ (գրեթե 22%):

Ապրիլի 15-ին Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակեց «2021-ի 1-ին եռամսյակի առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկը», որտեղ ի տարբերություն նախորդ հրապարակումների՝ ներառված են խոշոր հարկատու պետական և համայնքային կառավարչական հիմնարկները։ Հարկ է նշել, որ թեև 24.12.2020-ին կառավարության համապատասխան որոշման նախագծում կատարվել են լրացումներ, սակայն դրանք չեն վերաբերվում խոշոր հարկատու պետական և համայնքային կառավարչական հիմնարկների վճարած հարկերի վերաբերյալ տեղեկատվության հրապարակելուն, ավելին, նախկինում էլ խոշոր հարկատու պետական և կառավարչական հիմնարկների վճարած հարկերի վերաբերյալ պետք է տեղեկատվություն հրապարակվեր, սակայն ինչ-ինչ պատճառներով չի հրապարակվել։ Ի լրումն, համադրելի մեթոդաբանությամբ հրապարակվել է նաև տեղեկատվություն նախորդ տարվա 1-ին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների վերաբերյալ, ինչը թույլ է տալիս մեզ հեշտությամբ համեմատություններ անելու։

Ինչքա՞ն հարկ են վճարել կառավարչական հիմնարկները

2021-ի 1-ին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ ավելացել են 242 նոր հարկ վճարողներ, որոնցից 43-ը պետական և համայնքային կառավարչական հիմնարկներ են՝ նախարարություններ, մարզպետարաններ, տեսչական մարմիններ, համայնքապետարաններ և այլն։ Համաձայն ՊԵԿ տվյալների, 2021-ի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված պետական և համայնքային կառավարչական հիմնարկները (Թեև ֆորմալ առումով ՀՀ ոստիկանության ԿՕ և ՀՁ պահպանության գունդը հանդիսանում է ՊՈԱԿ, սակայն հաշվի առնելով գործունեության բնույթը այս ուսումնասիրության շրջանակում համարվել է որպես պետական կառավարչական հիմնարկ, այսպիսով դիտարկված կառավարչական և համայնքային հիմնարկների քանակը եղել է 44:) պետական բյուջե են վճարել շուրջ 25.6 մլրդ դրամի հարկեր և վճարներ, ինչը մոտ 5.6 մլրդ դրամով (28%) ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշից։ Ընդ որում, 2021-ի ընթացքում պետական և համայնքային կառավարչական հիմնարկների վճարած հարկերի և վճարների 85.8%-ը բաժին է ընկել եկամտային հարկին, 7.9%-ը՝ ԱԱՀ-ին, իսկ 6.3%-ը այլ հարկատեսակներին և վճարներին (պարտադիր սոցիալական վճար, դրոշմանիշային վճար և այլն)։

Անդրադառնալով առանձին հարկատեսակների գծով խոշոր հարկատու պետական և կառավարչական հիմնարկների վճարած հարկերին՝ պետք է նշել, որ մեծամասնության մոտ եկամտային հարկի գծով դիտվել է նվազում, ինչը թերևս պայմանավորված է 2021-ի հունվարի 1-ից եկամտային հարկի դրույքաչափի նվազմամբ (23%-ից 22%), ինչպես նաև փաստացի վճարված պարգևավճարների ծավալի կրճատմամբ։ Դատելով վճարած եկամտային հարկի մեծությունից (դրույքաչափի փոփոխությունը հաշվի է առնված)՝ վարձատրության ֆոնդի (աշխատավարձ, լրավճարներ, պարգևավճարներ և այլն) աճ է արձանագրվել միայն յոթ պետական կառավարչական հիմնարկներում՝ պաշտպանության նախարարություն, վարչապետի աշխատակազմ, ոստիկանության կրթահամալիր, անձնագրային և վիզաների վարչություն, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, նախագահի աշխատակազմ, ինչն էլ ենթադրաբար պայմանավորված է անձնակազմի թվի աճով: Ի տարբերություն եկամտային հարկի՝ աճել են այլ հարկերը և վճարները, ինչը պայմանավորված է պարտադիր սոցիալական վճարների և դրոշմանիշային վճարների դրույքաչափերի աճով։

Ուժային կառույցները գլխավորում են խոշոր հարկատու պետական կառավարչական հիմնարկների ցանկը

Տվյալների մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիտարկված 42 մարմիններից 21-ի դեպքում 2021-ի 1-ին եռամսյակում վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վճարած հարկերից և վճարներից ավելի է եղել, հատկապես զգալի աճ է արձանագրվել պաշտպանության նախարարության պարագայում՝ շուրջ 6.1 մլրդ դրամ, ինչը հիմնականում պայմանավորված է մեծաքանակ պայմանագրային զինծառայողների ներգրավմամբ։

Ընդհանուր առմամբ, խոշոր հարկատու պետական կառավարչական հիմնարկների ցանկը գլխավորում է պաշտպանության նախարարությունը, որին հաջորդում են ոստիկանությունն ու ազգային անվտանգության ծառայությունը, ընդ որում՝ պաշտպանության նախարարությունը արձանագրել է վճարած հարկերի և վճարների շեշտակի աճ (6.1 մլրդ դրամ)։ Համադրելով կառավարության մամլո հաղորդագրության հետ, ըստ որի 2021-ի 1-ին եռամսյակում արձանագրվել է 27.9 մլրդ դրամի հարկային եկամուտների գերակատարում, կարող ենք փաստել, որ ՊՆ վճարած հարկերի նպաստումն այդ աճին եղել է շուրջ 22%:

Այսպիսով, կարող ենք փաստել, որ 2021-ի 1-ին եռամսյակում 43 պետական և մեկ համայնքային կառավարչական մարմին ներառված են 1000 խոշոր հարկատուների ցանկում, որոնց ընդհանուր վճարած հարկերի մեծությունը կազմում է 25.6 մլրդ դրամ՝ 5.6 մլրդ դրամով ավել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 2021-ի հունվար-մարտին արձանագրված 27.9 մլրդ դրամի հարկային եկամուտների գերակատարմանը մեծապես նպաստել է ՊՆ կողմից վճարված հարկերի աճը։

Հոդվածը պատրաստել է ACSES վերլուծական կենտրոնը

Մեկնաբանել