Ռոհանին մեկնաբանել է Զարիֆի զրույցի աղմկահարույց արտահոսքը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ապրիլի 28-ին հայտարարել է, որ կառավարության և զինված ուժերի միջև որևէ անջրպետ գոյություն չունի:

Օրերս համացանցում են հայտնվել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի զրույցից հատվածներ, որտեղ նա, ի թիվս այլ թեմաների, քննադատել է երկրի ԱԳՆ աշխատանքներում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի միջամտությունը։ Արտահոսքը մեծ արձագանք է գտել ինչպես իրանական, այնպես էլ միջազգային մամուլում: Զարիֆը, խոսելով արտաքին բանակցություններում գեներալ Սոլեյմանիի ներկայացրած պահանջների մասին, Իրանում զինվորականների և դիվանագետների դերակատարությունները խեղաթյուրված է համարել:

«Չպետք է ոլորտները բաժանել քաղաքական-դիվանագիտականի և ռազմականի միջև։ Այլ աշխատանքներին էլ է դա վերաբերում. տնտեսական քաղաքականություն մշակողները պետք է միասնական գործեն շուկայում աշխատողների հետ»,- նշել է Հասան Ռոհանին:

Ռոհանին, ուղերձ հղելով Իրանի ժողովորդին, ասել է, որ կառավարությունում ամենայն հարգանքով են վերաբերվում զինված ուժերի բոլոր ստորաբաժանումներին, որոնք «օրուգիշեր գործում են ի շահ երկրի անվտանգության և հզորության»:

Իրանի նախագահը, անդրադառնալով Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիին, որը զոհվել էր 2020թ. հունվարին Բաղդադում ամերիկյան ավիահարվածներից, ասել է․ «Սոլեյմանին տարածաշրջանի արտաքին հարաբերությունների լավագույն խորհրդատուն էր: Նա ոչ միայն վարում էր տարածաշրջանի անվտանգային և պաշտպանական աշխատանքներ, այլ նաև զբաղվում էր դիվանագիտական գործունեությամբ, նա ազատորեն հանդիպում էր պետության նախագահին և արտաքին գործերի նախարարին»։ Ռոհանիի խոսքով՝ Իրանը հպարտանում է գեներալ Սոլեյմանիի և նրա պես մեծանուն գործիչներով:

Ըստ Իրանի ԱԳՆ խոսնակի՝ համացանցում հայտնված՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆի ձայնագրված հայտարարությունները կառավարության արխիիվի համար էին պատրաստվել և ենթակա չէին հրապարակման:

Մեկնաբանել