Ռուսաստանն առաջարկել է միջնորդ դառնալ հայ-ադրբեջանական սահմանազատման աշխատանքներում․ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները մայիսի 18-ին քննարկել են Սյունիքի մարզում իրավիճակի վերաբերյալ Հայաստանի խնդրանքը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ցանկանում եմ ասել, որ երեկ մենք արդեն ոչ պաշտոնական ռեժիմով սկսել ենք ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների աշխատանքը։ Եվ երեկ երեկոյան կազմակերպված հանդիպման ընթացքում մենք դիտարկել ենք մեր հայ գործընկերների խնդրանքը։ Այս խնդրանքին համապատասխան, մենք քննարկել ենք Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների վիճակը»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը։

Լավրովը հայտարարել է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման քննարկումների ժամանակ Ռուսաստանն առաջարկել է միջնորդ դառնալ։

«Կողմերի միջև նախնական պայմանավորվածության համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է աջակցել սահմանազատման, սահմանագծման աշխատանքներում»,- նշել է նա։

Սերգեյ Լավրովի խոսքով՝ Մոսկվան հանդես կգա որպես հայ-ադրբեջանական հատուկ հանձնաժողովի խորհրդատու, որն էլ կլուծի սահմանային հարցերը:

Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները՝ «սահմանազատման» պատրվակով, հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանը՝ Ադրբեջանի սադրանքին ի պատասխան, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին և հայտարարել, որ կիրականացնի անհրաժեշտ գործողություններն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 18-ի դրությամբ, փոփոխություն չի կրել։