Իլհամ Ալիևը հատեց Նիկոլ Փաշինյանի կարմիր գիծը

2020-ի դեկտեմբերի 27-ին՝ Արցախի նախկին՝ Կուբաթլուի և Զանգելանի շրջաններից հայկական ուժերի դուրս բերումից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, թե «ամեն ինչ արվում է Սյունիքի անվտանգության համար»։ Նա այդ քայլին գնաց՝ անգամ նկատի չառնելով նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության առաջին կետի վերջին միտքը, այն է՝ «Կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա»։

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Սյունիքում և այն վտանգը, որը կա, պետք է չլիներ։ Համենայնդեպս, այդպես էր խոստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ամենակարևոր հարցը՝ անվտանգության հարցը: Այսօր այն գործողությունների արդյունքում, որ տեղի են ունեցել, կանխվել է պատերազմը Սյունիքում։ Ընդ որում, կանխվել է ոչ միայն այսօր, այլև ընդհանրապես։ Որովհետև հիմա մենք տեղաբաշխված ենք այնպես, որ Սյունիքի նկատմամբ ոտնձգություն լինելու դեպքում ոչ միայն Հայաստանի Զինված ուժերը, ոչ միայն Հայաստանը կմիջամտի, այլ կմիջամտի նաև Ռուսաստանը: Եվ սա արվել է դրա համար։ Ընդամենը․․․ Բայց որ Հայաստանի Հանրապետության տարածքը եղել է և շարունակում է մնալ անձեռնմխելի, դրա մասին երկու կարծիք լինել չի կարող, և այս գործողություններն արվել են դրա համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը 2020-ի դեկտեմբերի 27-ին՝ շեշտելով, որ հայկական կողմի համար «կարմիր գիծը մեր տարածքային ամբողջականությունն է»:

2020-ի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը նաև մեկ նախադասությամբ հայտնեց՝ կան պայմանավորվածություններ, որոնք թղթին հանձնած չեն։ Այսպես՝ դեկտեմբերի 13-ին Անվտանգության խորհրդի արտահերթ նիստին Փաշինյանը, խոսելով եռակողմ քննարկումների մասին, նշեց․ «Այդ բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այս հատվածներում պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում», իսկ նույն ամսվա 27-ին Պետրոս Ղազարյանի հետ զրույցում հայտնեց․ «Եղել է բանավոր ըմբռնում այդ համատեքստում, որ այդտեղ մենք պետք է սահմանային կետերի՝ ոչ թե սահմանի, այլ որոշակի կետերի ճշգրտում իրականացնենք»։

Այսօր Նիկոլ Փաշինյանին ստիպում են ստորագրել նոր փաստաթուղթ, դրա բովանդակության մանրամասների մասին չի խոսվում, սակայն Փաշինյանը կրկին վստահեցնում է, որ ամեն ինչ անում է Սյունիքի անվտանգության և նոր պատերազմը կանխելու համար։ 

Չի խոսվում այն մասին, որ այդ դեմարկացիա-դելիմիտացիայի արդյունքում Հայաստանը կկորցնի միջպետական նշանակության ճանապարհներ, ինչպես նաև տարածքներ Տավուշում, և վերջնականապես կլինի խոցելի: 

Նոյեմբերի 10-ի հայտարարության՝ մեզ համար առաջնային կետն այդպես էլ չի իրագործվել. Ադրբեջանը շարունակում է պատանդ պահել մեր հայրենակիցներին։ 

Այս հանգամանքը, սակայն, չի խանգարում իշխանությանը նոր՝ ոչ պակաս վտանգավոր փաստաթուղթ ստորագրելու պատրաստակամություն ու մտադրություն հայտնել։ Չկան դիվանագիտական հարաբերություններ, չկա վստահություն, Ադրբեջանը հերթական անգամ Հայաստանին թիկունքից հարվածում է։ 

Այս մթնոլորտում ինչպե՞ս է հնարավոր իրականացնել դեմարկացիան։ Իսկ ի՞նչ է այս մասին մտածում մեր ռազմավարական դաշնակիցը՝ Ռուսաստանը։ 

Մի՞թե հարց չի առաջանում՝ ինչպե՞ս ստացվեց, որ ադրբեջանցիների հեռացման շուրջ բանակցությունները ինչ-որ պահից հանկարծ դարձան բանակցություններ սահմանազատման վերաբերյալ։ Այս ամենը ծրագրված էր Ադրբեջանի կողմից և գնում է նրանց սցենարով՝ մեր ռազմավարական դաշնակցի հովանու ներքո։

Հանրության հետ ժողովրդի իշխանությունն այդպես էլ բաց ու թափանցիկ չի խոսում, փոխարենը զբաղված է քաղաքական հակառակորդների չեզոքացմամբ։ 

Պարզ է, որ փաստաթուղթ է դրվել սեղանին, այն վերաբերում է դեմարկացիային, բայց հայկական կողմը, քանի դեռ ժամանակ ունի, առարկել է՝ հորդորելով ադրբեջանական կողմին զորքերը հետ քաշել։ Ադրբեջանցիները հեշտությամբ դա կարող են անել, ի վերջո նրանց զինծառայողների ներխուժումը Հայաստանի տարածք միջոց է՝ հասնելու նպատակին՝ այս փաստաթղթի ստորագրմանը։