ԳինԷ` գինու նոր Էություն և շունչ հայկական գինեգործության ոլորտում

Մայիսի 29-ին Best Western Congress հյուրանոցում ներկայացվեցին սիրիահայերի, ինչպես նաև տեղացի կին սկսնակ գինեգործների պատրաստած կարմիր, սպիտակ և վարդագույն գինիները:

ԳինԷ խորագրով համտես-վաճառքը կազմակերպել էր InVino գինիների մասնագիտացված խանութը՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ)-ի աջակցությամբ:

Ներկայացման հիմնական նպատակը սիրիահայերի և տեղացի կանանց արտադրած գինիների ավելի ճանաչելի դարձնելն է՝ դրանց վաճառքը խթանելու նպատակով:

Ներկայացվող գինիները արտադրվել են Գինու ինկուբացիոն նախագծի շրջանակում։ Նախագիծը կայուն տնտեսական զարգացման և զբաղվածության խթանման ոլորտում GIZ-ի կողմից իրականացվող «Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» (EPIC) և «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ Հարավային Կովկասում» (PSD TVET) ծրագրերի միջև հաջող համագործակցության արդյունք է։

Գինու ինկուբացիոն նախագծի գործընկերն է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (ՀԱԱՀ)։

Նախագծի նպատակն է՝ խթանել սիրիահայերի ինտեգրումը տնտեսության արագ զարգացող ճյուղերից մեկում՝ գինեգործության և գինու բիզնեսի ոլորտում, նպաստել գինու ոլորտում կանանց ներգրավվածությանը՝ նոր շունչ և էություն հաղորդել հայկական գինու արտադրությանը և հարստացնել տեղական շուկան գինու նոր տեսակներով։

Նախագծի առաջին փուլում, ՀԱԱՀ-ի հետ համագործակցությամբ, Ագրոբիզնեսի ուսուցման և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամն իրականացրել է գինու արտադրության և վաճառքի վերաբերյալ քառամսյա ինտենսիվ դասընթաց։

Նախագծի երկրորդ՝ ինկուբացիոն փուլում, դասընթացի վեց լավագույն մասնակիցները հնարավորություն են ստացել արտադրել իրենց սեփական գինիները և ստեղծել սեփական բրենդը՝ սերտորեն աշխատելով Ոսկեհատի գիտաուսումնական կենտրոնի առաջատար մասնագետների հետ։

Ծրագրի արդյունքում արտադրված վեց գինիները՝ Աուրա/Aura, ՎայնԳոգ/WineGogh, Լուսնակ/Lousnak, Ալթունյան գինիներ/Altunyan Wines, Գալար/Galar, Ձոն/Dzon ներկայացված են գինու մասնագիտացված սրահներում, բարերում և սուպերմարկետներում:

Ծրագրի մասին հավելյալ տեղեկություններ կարող եք ստանալ՝ կապ հաստատելով՝

GIZ PSD TVET ծրագրի հաղորդակցության և գինեգործության ոլորտի ծրագրերի համակարգող Սիրվարդ Ամատունիի հետ ([email protected]), կամ GIZ EPIC ծրագրի խորհրդատու Նարինե Գաբրիելյանի հետ ([email protected]):

Հաջորդիվ ձեզ կներկայացնենք նախագծի շահառուների՝ սիրիահայ և տեղացի կին սկսնակ գինեգործների պատմությունները, որոնք գրվել են ՍիվիլՆեթի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) միջև համագործակցության շրջանակում:

*Նյութը պատրաստվել է GIZ-ի հետ գործընկերության շրջանակում

Մեկնաբանել