Հայաստանից կաշվի արտահանումը կարգելվի

Հայաստանից կաշվի արտահանումը կարգելվի։ Որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 3-ի նիստի օրակարգում, ներկայացնողը էկոնոմիկայի նախարարությունն է։ 

Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ Հայաստանում կաշվի վերամշակման գործունեություն իրականացնող տեղական արդյունաբերական ընկերություններն ունեն կաշվի հումքի պահանջարկ, և հումքային բազայի հնարավորությունները դեռևս ոչ ամբողջական հզորությամբ են օգտագործվում։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սկզբնական հումքի արտահանման սահմանափակման պայմաններում ներքին շուկայում սկզբնական հումքի  1 տոկոս նվազման և արտադրողներին համապատասխան որակով և ծավալներով մատչելի դառնալու դեպքում կաշվի և կոշիկի արտադրության ծավալներն ավելանում են շուրջ 16.1 տոկոսով, կոշիկի արտադրությունից ստացված շահույթը՝ 29,7 տոկոսով և համապատասխան արտադրատեսակների գծով պետական բյուջեի եկամուտները՝ 5,9 տոկոսով:  

Խոշոր եղջերավոր անասունների, գառան ու ոչխարի մորթու արտահանման հիմնական շուկաներն են Թուրքիան, Իրանը, Ռուսաստանն ու Իտալիան։ Կաշվի արտադրությունը ներկայում կազմակերպում են 39 ընկերություններ, և արտադրանքի ծավալները վերջին տարում աճում են։ Տեղական երկրորդային հումքի բացակայության պարագայում վերջիններս ստիպված կլինեն ամբողջությամբ կամ մասնակի դադարեցնել իրենց արտադրական գործունեությունը, ուստի կառավարությունը որոշել է արգելել կաշվի արտահանումը։