Աշխարհի 6 ուժեղագույն թենիսիստներից 4-ը կխաղան Ուիմբլդոնի կիսաեզրափակիչներում

«Ուիմբլդոնում» հայտնի են դարձել տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակիչների բոլոր մասնակիցների անունները։ Առաջին երկու քառորդ եզրափակիչներում հեշտ հաղթանակներ էին տոնել Ռոջեր Ֆեդերերը և սերբ Նովակ Ջոկովիչը և դուրս եկել կիսաեզրափակիչ։

Ավելի ուշ ավարտված հանդիպումներից մեկում ֆրանսիացի Ժո-Վիլֆրեդ Ցոնգան առավելության է հասել վերջերս լուրջ թափ հավաքած գերմանացի թենիսիստ Ֆիլիպ Կոլշրայբերի նկատմամբ։ Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ Կոլշրայբերին հաջողվել էր պարտության մատնել իսպանացի Ռաֆայել Նադալին, իսկ «Ուիմբլդոնում» կարիերայի ընթացքում առաջին անգամ հասնել քառորդ եզրափակիչ։ Սակայն այսօր չնայած լուրջ դիմադրությանը (4 սեթերից երկուսն ավարտվել են թայ-բրեյքով)՝ գերմանացին պարտվել է ավելի ուժեղ Ժո-Վիլֆրեդ Ցոնգային՝ 7:6, 4:6, 7:6 , 6:2։

Մյուս խաղում Էնդի Մարեյն առավելության է հասել իսպանացի ուժեղագույն թենիսիստներից մեկի՝ Դավիդ Ֆերրերի նկատմամբ, ով, հիշեցնենք, «Ռոլան Գարոսում» հասել էր մինչև կիսաեզրափակիչ և պարտվել «գրունտի արքա» Ռաֆայել Նադալին։ Այսօր Մարեյն ավելի հաջողակ գտնվեց և համառ պայքարում հաղթեց 6:7, 7:6, 6:4, 7:6։ Հատկանշական է, որ սա Մարեյի առաջին հաղթանակն է թոփ-6-ի խաղացողների նկատմամբ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում անցկացրած վերջին 6 հանդիպումների ընթացքում։

Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա, 3) – Միխայիլ Յուժնի (Ռուսաստան, 26) 6։1, 6։2, 6։2

Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 1) – Ֆլորիան Մայեր (Գերմանիա, 31) 6։4, 6։1, 6։4

Ժո-Վիլֆրեդ Ցոնգա (Ֆրանսիա, 5) – Ֆիլիպ Կոլշրայբեր (Գերմանիա, 27) 7:6, 4:6, 7:6 , 6:2

Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա, 4) – Դավիդ Ֆերրեր (Իսպանիա, 7) 6:7, 7:6, 6:4, 7:6

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել