Հիլարի Քլինթոնն անսպասելի այցով ժամանել է Աֆղանստան

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը անսպասելի այցով ժամանել է Աֆղանստան, որտեղից պետք է մեկնի Տոկիո՝ դոնոր երկրների հետ հանդիպելու նպատակով, հաղորդում է Reuters-ը: Այս հանդիպմանը պետք է քննարկվի Քաբուլին օգնություն տրամադրելու հարցը այն բանից հետո, երբ միջազգային կոալիցիայի ռազմական ուժերի մեծ մասը 2014թ. կլքի Աֆղանստանը:

Ինչպես սպասվում է, ԱՄՆ-ի պետքարտուղարը հանդիպելու է Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ: Հանդիպման ընթացքում նրանք քննարկելու են Աֆղանստանին ֆինանսական օգնություն հատկացնելու վերաբերյալ մի շարք հարցեր:

ԱՄՆ-ի պետդեպարտամենտում դեռևս հանդես չեն գալիս Աֆղանստանին օգնություն ցույց տալու վերաբերյալ մեկնաբանություններով: Ներկայում հայտնի չէ, թե ԱՄՆ-ը ինչ ծավալի օգնություն է պատրաստվում տրամադրել Քաբուլին:

Հիշեցնենք, որ մայիսին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նույնպես անսպասելի այցով ժամանել է Աֆղանստան:

Մեկնաբանել