Ալավերդիում ընտրողների ցածր մասնակցություն է գրանցվում

Ժամը 17:00-ի դրությամբ Լոռու մարզի թիվ 24 ընտրատարածքի 37 004 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 17 408-ը, այսինքն՝ ընտրատարածքում գրանցված ընտրողների  37,4 տոկոսը․ այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց թիվ 24 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Վռամ Վանյանը։

24 ընտրատարածքի մեջ է մտնում նաև Ալավերդի քաղաքը: Սիվիլնեթի օրվա հարցումներին ի պատասխան՝ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի, Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» և Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների՝ Ալավերդու ընտրական շտաբներից հայտնել են, որ իրենց վստահված  անձանց կողմից ընտրախախտումների մասին բողոքներ և ահազանգեր  չեն ներկայացվել: 

Ժամը 17:00-ի դրությամբ Ալավերդու թիվ 24/38 ընտրատեղամասում, տեղամասային հանձնաժողովի քարտուղար Լուսինե Մելիքյանի խոսքով, 1 649 ընտրողներից քվեարկել էին 570 ընտրողներ, այսինքն՝ 34,6 տոկոսը:  24/38 տեղամասը Ալավերդու  ամենամեծ ընտրատեղամասն է:  Այստեղ ժամը 15։00-ից մինչև 17։00 ընտրողների հոսքը գրեթե դադարել էր: 

Լարիսա Փարեմուզյան, Ալավերդի