Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդես է գալու ուղերձով

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ այսօր՝ հունիսի 22-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդես է գալու ուղերձով՝ հաշվի առնելով Արցախում ձևավորված ներքաղաքական լարվածությունը։ Հարությունյանի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով այս օրերին Արցախում ձևավորված ներքաղաքական լարվածությունը և վերջին ամիսներին կուտակված հարցերը՝ այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդես կգամ ուղերձով:

Բոլորին հրավիրում եմ ներկա գտնվել այսօրվա հանրահավաքին. ելույթս կսկսեմ ժամը 18:00-ին: Պատրաստվում եմ բաց ու անկեղծ խոսել բոլոր հիմնական խնդիրների ու լուծումների մասին՝ պատերազմից մինչև ներկա անվտանգային ու սոցիալ-տնտեսական իրավիճակ, ՀՀ իշխանությունների հետ հարաբերություններից մինչև ներքաղաքական զարգացումներ:

Ցավում եմ, որ այս հեղհեղուկ իրավիճակում ողջախոհությունը լքում է շատերին՝ առանց ընկալելու իրավիճակի լրջությունը Արցախի ապագայի համար: Անկախ իմ հանդեպ ոմանց վերաբերմունքից՝ ես այս ծանր իրավիճակում պատասխանատվություն եմ կրում Արցախի բոլոր քաղաքացիների համար»,- նշված է հայտարարությունում։