Լավրովն ու Բայրամովը քննարկել են Արցախում հումանիտար խնդիրների լուծման հարցերը

Հունիսի 23-ին տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը։

Ըստ հաղորդագրության՝ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցեր։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ստորագրված հայտարարության կետերի իրագործմանը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը վերաբերող:

«Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ աշխատանքային խմբի կարևոր ներդրումը տարածաշրջանի հետկոնֆլիկտային զարգացման գործում»,- հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։