Օրենսդիր մարմնի անդամ Ադրին Նազարյանի նախաձեռնությամբ Կալիֆոռնիան 11 մլն դոլար է հատկացնում հայկական երեք ծրագրերի

Կալիֆոռնիայի նահանգային օրենսդիր մարմնի անդամ Ադրին Նազարյանը հայտարարել է մշակութային և կրթական երեք հաստատությունների 11 միլիոն դոլարի պետական ֆինանսավորման մասին:

  • 9 միլիոն դոլար՝ Սան Ֆերնանդոյի Հարավարևելյան հովտում ԹՈւՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման համար,
  • 1 միլիոն դոլար՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտին,
  • 1 միլիոն դոլար՝ «Լարք» երաժշտական միություն ոչ առևտրային կազմակերպությանը, որը դասավանդում է դասական երաժշտություն, բեմադրում երաժշտական ու պարային ներկայացումներ։

«Ես շատ հպարտ եմ, որ Կալիֆոռնիան աջակցում է այս երեք կազմակերպությունների առաքելությանը, որոնք մշտապես նվիրված են մեր երիտասարդներին կրթելու գործին: Լինի արվեստ, կրթություն, թե տեխնոլոգիաներ՝ բոլոր երեք կազմակերպությունները մեր ուսանողներին օգնել են հաջողության հասնել, և դեռ տասնամյակներ շարունակ նրանք կարող են մեծ օգուտ բերել և հարստացնել բազմազանությամբ աչքի ընկնող մեր երիտասարդների փորձը», – ասել է Ադրին Նազարյանը:

ԹՈւՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման համար հատկացվող 9 միլիոն դոլարով, այսպիսով, Միացյալ Նահանգներում կբացվի առաջին ԹՈւՄՈ կենտրոնը՝ Լոս Անջելես քաղաքի և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի հետ համագործակցությամբ։

ԹՈւՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն անվճար կրթական ծրագիր է, որը դեռահասներին հնարավորություն է տալիս զբաղվել սեփական կրթությամբ: Ինժեներ և գործարար Սեմ և Սիլվա Սիմոնյանների հիմնադրած ԹՈւՄՈ կենտրոնն օգնում է դեռահասներին առավելագույնս իրացնել իրենց ներուժը՝ զարգացնել անհրաժեշտ հմտություններն ու ինքնավստահությունը ապագայի հանդեպ։

Իսկ ահա Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտին տրամադրվում է 1 միլիոն դոլար՝ ի աջակցություն այն ծրագրերի, որոնք ինստիտուտն իրականացնում է Կալիֆոռնիայի և Լոս Անջելեսի պատմությունն ուսումնասիրելու ու վավերագրելու ոլորտում՝ հավաքագրելով հայ համայնքի ներկայացուցիչների հիշողությունները։ Ինչպես նշվում է հաղորդագրությունում, «առաջին դեմքից պատմությունների մեծ հավաքածուն արժեքավոր է հետազոտողների, ուսուցիչների և քաղաքական գործիչների համար, և այս ֆինանսավորումը թույլ կտա ինստիտուտին ընդլայնել այդ ծրագրերի ծավալներն ու շրջանակը»։

Ինստիտուտի ղեկավար խորհրդի նախագահ Չարլզ Ղաիլյանը շնորհակալություն է հայտնել Ադրին Նազարյանին նրա շարունակական աջակցության համար և շեշտել, որ բանավոր պատմության իրենց ընթացիկ նախագծին 1 մլն դոլարի տրամադրումը թույլ կտա ինստիտուտին խորացնել ծրագրերը։

Եվ վերջապես 1 միլիոն դոլարի ֆինանսավորում կհատկացվի «Լարք» երաժշտական միությանը։ Այս հասարակական կազմակերպությունն ավելի քան 25 տարի համայնքին ծառայել է երեք կարևոր ուղղություններով՝ բարձրորակ դասական երաժշտության դասավանդում, դասական և հայկական թեմաներով երգի ու պարի բեմադրություններ, դասական նոր ստեղծագործությունների ստեղծում: Միության նախագահ Վաչէ Պարսումեանի խոսքով՝ «Լարք»-ի «հիմնարար բարեփոխման նախագիծն ավելի քան 50 տոկոսով ավարտվել է, և միությունը շուտով կդառնա մշակութային կենտրոն՝ եզակի թանգարանային հավաքածուով, հարուստ գրադարանով և համերգային նոր դահլիճով»։

Մեկնաբանել