Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։

«Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի»,- ասվում է հաղորդագրությունում։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների շարունակական զարգացումը քաղաքական, տնտեսական, անվտանգային, հումանիտար ոլորտներում: Նրա խոսքով՝ երկու երկրներն ունեն համագործակցության լայն օրակարգ, որի իրացման ուղղությամբ կառավարությունները տանում են դինամիկ աշխատանք: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը նաև տարածաշրջանում ոչ կայուն իրավիճակը հաղթահարելու համատեքստում և ընդգծել ՌԴ առանցքային դերը անվտանգության ապահովման գործում:

Կոպիրկինը նշել է, որ Ռուսաստանի համար Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացումն ունի առաջնային նշանակություն, ինչի ապացույցն է երկու երկրների ղեկավարների, ինչպես նաև կառավարությունների ներկայացուցիչների ակտիվ երկխոսությունը, շփումներն ու փոխգործակցությունը:

Մեկնաբանել