ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում կատարել հրադադարի պարտավորությունները

Միացյալ Նահանգները դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով բռնության վերջին էսկալացիան։ Այս մասին նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի տարածած հայտարարության մեջ։

«Մենք Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում կատարել հրադադարի վերաբերյալ իրենց պարտավորությունները՝ անհապաղ քայլեր ձեռնարկելով իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում։

Ըստ Պետդեպարտամենտի՝ հայ-ադրբեջանական սահմանին պահպանվող լարվածությունը փաստում է, որ միայն համապարփակ լուծումը, որով կլուծվեն առանցքային խնդիրները, կարող է կարգավորել երկու երկրների հարաբերությունները և «տարածաշրջանի բնակիչներին թույլ տալ միասին խաղաղ ապրել»։

«Միացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում որքան հնարավոր է շուտ վերադառնալ առարկայական բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հասնելու հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը»,- նշվում է հաղորդագրությունում։

***

Հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակում էին ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ծավալվել էին տեղային մարտեր:

Ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմն երեք զոհ, չորս վիրավոր է ունեցել։

«Հակառակորդը, Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ»,- հայտարարել էր ՊՆ-ը։

Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, հետ էին շպրտվել իրենց ելման դիրքեր։

Ռուսաստանի միջնորդությամբ ժամը 10:00-ից հայ-ադրբեջանական սահմանին հաստատվել էր հրադադար։

Հուլիսի 29-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։