Աջակցության ծրագրերը պետք է վերափոխել Արցախի զարգացման ծրագրերի. Նիկոլ Փաշինյանը՝ Արայիկ Հարությունյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, Հայաստանի ու Արցախի կառավարությունների անդամների մասնակցությամբ քննարկվել են Արցախի տնտեսական զարգացման հեռանկարներն ու համատեղ իրականացվելիք ծրագրերը: Այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։

«44-օրյա պատերազմին հաջորդած շրջանում մեր օրակարգն էականորեն փոխվել է և առաջնային խնդիրներից մեկը համարել ենք Արցախում բնականոն կյանքի վերականգնումը: Այս ընթացքում մենք այդ ուղղությամբ բավականին աշխատանք արել ենք, բայց դեռևս շատ մեծ աշխատանք կա անելու: Վերջերս Արցախի նախագահի հետ աշխատանքային հանդիպումներում այդ թեման ավելի հաճախ ենք քննարկում, որ զուտ աջակցության ծրագրերը պետք է վերափոխել զարգացման ծրագրերի, որպեսզի Արցախի բնականոն կյանքի վերականգնումը վերաձևակերպենք և Արցախի տնտեսության բնականոն զարգացման հունը վերականգնենք: Ուրախ եմ, որ այս ուղղությամբ արդեն կոնկրետ անելիքներ ենք նշմարում: Այստեղ, իհարկե, շատ կարևոր է, որպեսզի գտնենք Արցախում բանկային գործիքները գործարկելու ուղիները, որոնք պիտի աջակցեն տնտեսության զարգացմանը, ներդրումների միջավայր ձևավորելուն։ Իհարկե, հասկանալի է, որ սա ունի բազմաթիվ նրբություններ և կոմպոնենտներ ու մենք պետք է առանց շտապողականության, բայց մյուս կողմից անհրաժեշտ ժամանակում կայացնենք անհրաժեշտ որոշումներ, որպեսզի այս հարցերը կարողանանք լուծել»,- ասել է Փաշինյանը։

Արյաիկ Հարությունյանը նշել է, որ Հայաստանի կառավարության հատկացրած ռեսուրսների հաշվին Արցախում հաջողվել է պահպանել կայուն սոցիալական վիճակ՝ անկախ տեղահանված բնակչության թվաքանակից՝ «սուր խնդիրներ չեն եղել»:

«Իհարկե, խնդիրներ մինչ այսօր կան բնակարանային հարցերի հետ կապված, բայց սոցիալական վճարները թույլ են տվել լուծել այն խնդիրները, որոնք մենք տեսնում ենք: Զուգահեռ մենք որոշակի տնտեսական ծրագրեր ենք կարողացել իրականացնել, բայց այն, որ տնտեսությունը շատ ավելի մեծ ռեսուրսների ներարկման խնդիր ունի՝ պետք է գիտակցենք: Բոլոր ուղղություններով՝ գյուղատնտեսություն, էներգետիկա, ավանդական ճյուղերը, որոնց շնորհիվ Արցախի տնտեսությունը զարգանում էր, մեծ կորուստներ են ունեցել: Ժողովրդագրական դրական պատկեր ունենալու առումով մեզ սոցիալական ծրագրերից բացի պետք են լինելու իրականացնել տնտեսական կոնկրետ ծրագրեր՝ աշխատանքի ապահովման, տնտեսության վերականգնման նպատակով»,- ասել է Արցախի նախագահը։

Նրա խոսքով՝ 2021-ի պետական բյուջեի նախագծով պլանավորվել էր, որ Արցախի սեփական մուտքերը կազմելու են 16-17 մլրդ դրամ, բայց Հարությունյանը վստահեցնում է, որ 30 մլրդ դրամի ցուցանիշն անցնելու են․ «Ամենախոշոր հարկատուն, գործատուն՝ «Բլեզ մեթալսը»՝ Կաշենի պղնձի հանքն արդեն աշխատում է 15-20 տոկոսով, և եթե մեզ հաջողվի նախանշած էներգետիկ ու ջրային ծրագրերն իրականացնել, արդեն հաջորդ տարվա մարտ-ապրիլ ամիսներից այն կաշխատի իր հնարավորությունների 80-90 տոկոսով, ինչը լրացուցիչ 20-25 մլրդ դրամի մուտքեր կապահովի Արցախի պետական բյուջե»,- ասել է նա։

Օգոստոսի 5-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել էր նաև Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին։

Մեկնաբանել