Հայաստանի մաշվող ինքնիշխանությունը

Դատելով Հայաստանի իշխանությունների տրամադրվածությունից` ապագայում հայ սահմանապահները, հավանաբար, Հայաստանի սահմանի միայն հայ-վրացական հատվածը կհսկեն։ Մյուս հատվածների հսկողությունը արտապատվիրում (աութսորս) է արվելու, այն է` ՌԴ սահմանապահներն են հսկելու։ Սա, իհարկե, նորություն չէ։ Ռուսաստանի սահմանապահներն անկախությունից ի վեր հսկում են հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանը։ Դրա համար գոյություն ունի պայմանագրային բազա, որը բացատրվում է նաև ԱՊՀ արտաքին սահմանի հսկողության անհրաժեշտությամբ։ Հայաստանի համար սա ձեռնտու էր, քանի որ չեզոքացվում էր թուրքական վտանգը` հնարավորություն տալով Երևանին կենտրոնացնել իր սահմանափակ ռեսուրսներն արցախյան ճակատում։ Այդպես էլ հայտարարվում էր` հայակական կողմն ակնկալում է ՌԴ-ից թուրքական գործոնի չեզոքացում, իսկ ղարաբաղյան ճակատում ինքնուրույն կլուծի իր հարցերը։

Ի դեպ, Ռուսաստանից էլ բազմիցս հայտարարվել է, որ Հայաստանի հետ իրենց դաշնակցային հարաբերությունները և անվտանգության երաշխիքները չեն տարածվում Արցախի վրա։ Մոսկվան դա ասել է հստակ ու բազմիցս, այլ բան է, թե հայ հասարակությունը կամ հայաստանյան ու արցախյան պաշտոնյաներն ինչպես են դա «թարգմանել» ու ներկայացրել ներքին լսարանին։

Այժմ արդեն, ինչպես ընդունված է ասել, իրավիճակ է փոխվել։ Արցախյան ճակատում նոր ստատուս քվո է` ռուսական զորքն է ապահովում Արցախի հայկական հատվածի անվտանգությունը, Երևանն այնտեղ սոցիալ-տնտեսական ծրագրեր է իրականացնում, իսկ անմիջական վտանգը թափանցել է Հայաստանի Հանրապետության սահմաններից ներս։ Հասել ենք նրան, որ այժմ խոսում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության, հայկական սահմանային որոշ տարածքների օկուպացիայի ու դրա խորացման վտանգի մասին։

Այժմ արդեն ՀՀ իշխանությունները, որ ժամանակին լսել անգամ չէին ուզում Արցախում խաղաղապահների տեղակայման մասին, համաձայնում են հայ-ադրբեջանական սահմանին ՌԴ սահմանապահների տեղակայմանը։ Ի պատասխան Ռուսաստանից հայտնում են, որ դեռ դրա ժամանակը չէ։ Նախ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճշտեն իրենց սահմանը։

Բացի իրավիճակի արտառոց կամ ողբերգական լինելու հանգամանքից՝ այս ամենում կա մեծ հեգնանք։ Հայաստանի ինքնիշխանության գահավիժումը տեղի է ունենում մի կառավարող թիմի օրոք, որն իշխանության գալուց ի վեր որպես առաջնային խնդիր շեշտադրել է Հայաստանի ինքնիշխանության ամրապնդումը։ Սա հավատամքի կամ քաղաքական կրեդոյի նման մի բան էր, դրա համար հանրահավաքներ էին անում ընդդիմություն եղած ժամանակ, քննադատում նախկիններին երկրի ինքնիշխանության հաշվին զիջումների համար, իսկ իշխանության գալուց հետո ամեն կերպ շեշտադրում ինքնիշխանության հանգամանքը, մասնավորապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելիս։

Հեղափոխական ներքին օրակարգը սկսել էր գերակշռել արտաքին ու անվտանգային խնդիրների վերաբերյալ քննարկումներում։ Անգամ ասվում էր` ՌԴ-ում պետք է հարմարվեն Հայաստանում 2018-ին տեղի ունեցածի հետ։ Այն, ինչ եղավ հետո և ինչ կատարվում է այժմ, կարելի էր համարել զավեշտալի, եթե դա չլիներ այդքան ողբերգական հայ հանրության համար։ Իրավիճակը բնութագրող ռուսերեն տիպիկ բառ կա՝ доигрались:

Մեկնաբանել