Ինչպես ավելացնել այցելուների հոսքը դեպի Արցախ

2020 թ. արցախյան պատերազմի հետևանքներից մեկը Արցախում բնակվող մեր հայրենակիցների շրջանում լքվածության զգացողության ձևավորումն է։ Արցախում շատերի մոտ կա տպավորություն, որ ինչպես Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ թե այստեղ, թե Սփյուռքում բնակվող հայերի մի զգալի մասը 2020 թ. նոյեմբերի 10-ից հետո անտարբեր է Արցախի ճակատագրի հանդեպ։

Հանուն ճշմարտության պետք է ասել, որ Հայաստանի Հանրապետությունում կան գործիչներ, որոնք, իհարկե, չեն ուրախացել պատերազմի հետևանքով հազարավոր զոհեր և շուրջ տասը հազար վիրավոր ունենալու փաստից, սակայն գտնում են, որ 2020 թ. նոյեմբերի 10-ին ձևավորված նոր ստատուս քվոն հնարավորություն կտա Հայաստանին հարյուր միլիոնավոր դոլարներ խնայել, որոնք նախկինում տրամադրվում էին զինված ուժերին Արցախի անվտանգության ապահովման համար, ինչպես նաև ուղղվում էին Արցախին առնչվող այլ նպատակների։ Առկա է նաև բնակչության ստվար զանգված, որն ուղղակիորեն չի առնչվել պատերազմի հետևանքների հետ (նրանց ազգականները կամ ընկերները չեն զոհվել, վիրավորվել կամ գերեվարվել), և այժմ էլ ցանկություն չունի ներգրավվել Արցախի հետ կապված որևէ գործընթացի։

Այնուամենայնիվ, թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում կան հարյուր հազարավոր մարդիկ, որոնք ցանկանում են այս կամ այն չափով օգտակար լինել Արցախին։ Ստեղծված պայմաններում Արցախին աջակցության կարևոր քայլերից մեկը Արցախ կատարվող այլելությունների թվի մեծացումն է։ Ընդ որում դա կունենա ինչպես ակնհայտ հոգեբանական, այնպես էլ տնտեսական դրական հետևանքներ։

Վերջին շրջանում հանրային տարբեր գործիչներ հաճախ են դիմում բնակչությանը՝ կոչ անելով Արցախ այցելել։ Սակայն այստեղ առկա են մի շարք խնդիրներ, որոնց լուծման բացակայության դեպքում նման կոչերը կմնան քարոզչության մակարդակում։ Ներկայում օտարերկրյա քաղաքացիների (բացառությամբ ՀՀ-ի և Ռուսաստանի) մուտքն էականորեն սահմանափակված է ռուսական խաղաղապահ ուժերի կողմից։ Հասկանալի է, որ Արցախի իշխանությունները պետք է այս խնդիրը քննարկեն խաղաղապահների ղեկավարության և Ռուսաստանի համապատասխան շրջանակների հետ՝ գոնե սփյուռքահայերի մուտքը Արցախ հեշտացնելու համար։ Սակայն պետք է նաև ընդունել, որ այս հարցում նրանց ազդեցության լծակները բավականաչափ թույլ են, և այս խնդիրը կարող է երկար ժամանակ լուծում չստանալ։ Ստեղծված պայմաններում անհրաժեշտ է ջանքերը կենտրոնացնել ՀՀ-ից Արցախ այցելությունների թվի շեշտակի ավելացման վրա։ Նաև պետք է հաշվի առնել, որ կան բազմաթիվ մարդիկ, որոնք պատրաստ են մեկ կամ երկու օրով այցելել Արցախ, սակայն ի վիճակի չեն դա անել զուտ ֆինանսական խնդիրների պատճառով։

Հայաստանցիներից շատերի համար դժվար է մեկ գիշեր Արցախում անցկացնելու համար մինչև 100 000 դրամ ծախսել (երկու անձի հաշվարկով)։

Այս խնդրի լուծման համար նպատակահարմար է կազմակերպել անվճար զբոսաշրջային տուրեր Հայաստանից Արցախ, որոնք կարող են ֆինանսավորվել մասնավոր հիմնադրամների կողմից։ Միևնույն ժամանակ, հնարավոր տարընթերցումներից խուսափելու համար պետք է սահմանել հստակ չափորոշիչներ, թե ովքեր և ինչ չափով կարող են օգտվել այդ տուրերից։ Թոշակառուները և մինչև 200 000 դրամ (հարկերը հանած) աշխատավարձ ստացողները կարող են ստանալ ամբողջական ֆինանսավորում՝ օգտվելով ոչ միայն անվճար տրանսպորտից և հյուրանոցային ծառայություններից, այլև ստանալով փոքր գումար Արցախում ծախսելու նպատակով։ Իսկ 200 000-ից մինչև 350 000 դրամ աշխատավարձ (հարկերը հանած) ստացողները կարող են օգտվել միայն անվճար տրանսպորտից և հյուրանոցային ծառայություններից։ Նման անվճար տուրերի կազմակերպումը կարող է մեծացնել Հայաստանից Արցախ այցելությունների թիվը։ Դա ոչ միայն կնպաստի Արցախում լքվածության զգացողության թուլացմանն ու տնտեսության որոշակի աշխուժացմանը, այլև հնարավորություն կստեղծի ՀՀ շատ քաղաքացիների համար անձնապես տեսնել հետպատերազմյան Արցախը, և արցախցիների մոտ կկոտրի 2020 թ. նոյեմբերի 10-ից հետո Արցախի վերաբերյալ ձևավորված միֆերը։

Մեկնաբանել