«Մինչ նոր հանդիպում». ԱԺ առաջին նիստն ավարտվեց՝ հանձնաժողովների նախագահների ընտրությամբ

Ազգային ժողովի առաջին նիստը ավարտվեց օգոստոսի 12-ին՝ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությամբ։

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ամփոփեց ընտրությունների արդյունքները: ՔՊ-ական պատգամավորները ծափերով էին արձագանքում յուրաքանչյուր արդյունքի, նրանց ոգևորությունը շարունակվեց նաև Բաբայանի ամփոփումից հետո։ Երբ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտարարում էր հանձնաժողովների նախագահների անունները, իշխանականները կրկին ծափահարում էին։ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները իշխանական գործընկերներին որոշել էին չընկերակցել։

Խորհրդարանը մշտական հանձնաժողովի անդամներին ընտրեց գաղտնի քվեարկության արդյունքներով: Քվեարկության ավարտին անվավեր թերթիկներ չգրանցվեցին, ընդդիմության թեկնածուների ազգանունները ճշգրիտ ամրագրվեցին քվեաթերթիկներում։

Ըստ ԱԺ տարածած տեղեկության՝ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հերիքնազ Տիգրանյանը 71 կողմ ձայնով:

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Նարեկ Զեյնալյանը 72 կողմ ձայնով:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Էդուարդ Աղաջանյանը 72 կողմ ձայնով:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Սիսակ Գաբրիելյանը 71 կողմ ձայնով:

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Արման Եղոյանը 71 կողմ ձայնով:

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Թագուհի Թովմասյանը 60 կողմ ձայնով:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Անդրանիկ Քոչարյանը 70 կողմ ձայնով:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Վլադիմիր Վարդանյանը 71 կողմ ձայնով:

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Արմեն Գևորգյանը 62 կողմ ձայնով:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Վահե Ղալումյանը 74 կողմ ձայնով:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Վահե Հակոբյանը 59 կողմ ձայնով:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Գևորգ Պապոյանը 70 կողմ ձայնով:

Վերջին նիստին ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ ձևավորվել է ԱԺ խորհուրդը, որի կազմում են ԱԺ նախագահը, նրա տեղակալները, մշտական հանձնաժողովների նախագահները և խմբակցություններից մեկական ներկայացուցիչ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է Հայկ Կոնջորյանին, «Հայաստան» խմբակցությունը՝ Սեյրան Օհանյանին, «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ քարտուղար Հայկ Մամիջանյանին:

Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց նաև, որ Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկումների վերաբերյալ լրացուցիչ կհայտարարվի. «Մինչ նոր հանդիպում»,- ամփոփեց նա:

Գևորգ Թոսունյան