Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պատգամավորներին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ խորհրդարանի պատգամավորներն ու աշխատակազմը կպարգևատրվեն՝ անկախության 30-ամյակի կապակցությամբ: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցներին հայտնեց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ «Հայաստան» դաշինքը հրաժարվելու է պարգևավճարից․ «Դա անընդունելի և դատապարտելի է մեզ համար, որովհետև երկրում կան սոցիալական ծանր խնդիրներ, կան 10 հազարից ավելի վիրավորներ, հաշմանդամություն ունեցող անձինք, և այս իրավիճակում պետական պաշտոնյաները, այդ թվում՝ պատգամավորները շարունակում են պարգևավճար ստանալ։ Մենք գումարը կամ կվերադարձնենք, կամ Հայաստանի սահմանամերձ մարզերում այդ գումարով որևէ ծրագիր կիրականացնենք»։

Իշխան Սաղաթելյանը հայտնեց նաև, որ պատրաստվում են պարգևատրման ինստիտուտի հետ կապված դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Ընդդիմադիր խմբակցությունում կարծում են, որ «առանց չափորոշիչների պարգևատրումներ իրականացնելը ապօրինի գործընթաց է»։

«Պատիվ ունեմը» ևս հրաժարվել է պարգավճարներից։ Խմբակցության տարածած հայտարարությունում ասվում է, որ փոխանցված պարգևավճարներն ուղղվելու են սոցիալական խնդիրների լուծմանը: