Ինտերնետի ազատության առումով Հայաստանը շարունակում է համարվել «ազատ» երկիր․ Freedom House

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն ինտերնետում» 2021 թ. զեկույցը, ըստ որի՝ Հայաստանը շարունակում է համարվել «ազատ» երկիր՝ ինտերնետի ազատության առումով։

Նախորդ տարվա համեմատ Հայաստանը 4 միավորով անկում է արձանագրել ինտերնետի ազատության ոլորտում։ 100 միավոր սանդղակով Հայաստանի վարկանիշը 71 միավոր է՝ նախորդ տարվա 75-ի փոխարեն։

«Հայաստանում ինտերնետի ազատությունը զգալիորեն նվազեց՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայկական և ադրբեջանական ուժերի միջև զինված հակամարտության ընթացքում կառավարության կողմից ընդունված տեղեկատվության ազատ հոսքի սահմանափակումների արդյունքում: 2020 թվականի սեպտեմբերի վերջին ռազմական դրության կիրառումը լայն սահմանափակումներ դրեց ԶԼՄ -ների ՝ մարտական գործողությունների մասին տեղեկատվություն տրամադրելու ունակության վրա, այդ թվում ՝ արգելելով ազգային անվտանգությունը վտանգող խոսքը, թույլ տալով իշխանություններին պահանջել նյութերի հեռացում և տուգանքներ պահանջները չկատարելու համար»,- ասվում է զեկույցում։

Բացի պատերազմի հետևանքով կիրառված սահմանափակումներից, Հայաստանի վարկանիշի վրա ազդել է նաև կորոնավիրուսի հետևանքով անհատների տեղորոշող տվյալների հավաքագրումը

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խոստացել է զբաղվել երկարաժամկետ խնդիրներով, այդ թվում ՝ համակարգային կոռուպցիայով, ոչ թափանցիկ քաղաքականության մշակմամբ, թերի ընտրական համակարգով և օրենքի թույլ գերակայությամբ: Չնայած կառավարության բարեփոխիչ դիրքորոշմանը՝ դատական համակարգում քաղաքական միջամտության և ԶԼՄ -ների նկատմամբ անբարյացակամ հռետորաբանության վերաբերյալ մտահոգությունները դեռ շարունակվում են»,- նշված է զեկույցի մեջ։

«Ազատությունն ինտերնետում» 2021 թ. զեկույցի համաձայն՝ Հայաստանի հարևան երկրներից միայն Վրաստանն է համարվում «ազատ»՝ 77 միավորով։ Ադրբեջանը (35 միավոր), Թուրքիան (34 միավոր) և Իրանը (16 միավոր) ինտերնետի ազատության ոլորտում «ոչ ազատ» երկրների շարքում են:

Մեկնաբանել