Կառավարությունը հաջորդ տարվա համար Ամուլսարը դիտարկում է հնարավոր բարձր տնտեսական աճի գործոն

Կառավարությունը հաջորդ տարվա համար Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը դիտարկում է որպես հնարավոր բարձր տնտեսական աճի գործոն։ Այդ մասին նշված է կառավարության կողմից ներկայացված 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի ուղերձում։

Գործադիրն առանձնացրել է այն արտաքին գործոնները, որոնք կարող են նպաստել Հայաստանի տնտեսական աճին. դրանք են պղնձի միջազգային գների ավելի արագ աճը, պատվաստանյութերի առավել ընդգրկուն և մասսայական կիրառման արդյունքում երկրների միջև սահմանափակումների վերացման արդյունքում տուրիստական հոսքերի վերականգնումը, ԱՄՆ-ից Հայաստան դրամական փոխանցումների բարձր մակարդակը, Եվրոպական միության աջակցության շրջանակում սպասվածից ավել ներդրումների իրականացումը։

Կառավարությունը տնտեսական աճի վրա ազդող արտաքին գործոններ է դիտարկել Հայաստանի գործընկեր երկրների տնտեսությունների դանդաղ վերականգնումն ու համավարակի դեմ պատվաստումների ցածր մակարդակը։ Ուշագրավ է, որ Հայաստանի շուրջ տեղի ունեցող ռազմաքաղաքական զարգացումները չեն դիտարկվել որպես տնտեսական աճի տեմպերը նվազեցնող գործոն։

Կառավարությունը սեպտեմբերի 30-ին հավանության արժանացրեց 2022-ի բյուջեի նախագիծը։ Դրանով թիրախավորվել է 7 տոկոս տնտեսական աճը եկող տարվա համար, իսկ բարենպաստ արտաքին զարգացումների դեպքում այն կկազմի 9 տոկոս։

Մեկնաբանել