Թալիշական կազմակերպությունը պնդում է, որ Ադրբեջանի կառավարությունը խտրականություն է դրսևորում

Լուսանկարում՝ Ադրբեջանի թալիշների հանրային խորհրդի ներկայացուցիչները։

Ադրբեջանի թալիշների հանրային խորհրդի (ATIS) հրապարակած զեկույցը քննադատում է Ադրբեջանի կառավարությանը՝ պնդելով, որ այն չի հարգում թալիշերեն լեզուն, ինքնությունը կամ մայրենի լեզվով կրթություն ստանալու թալիշների իրավունքը:

Ադրբեջանի թալիշների հանրային խորհուրդը, որը թալիշական չգրանցված կազմակերպություն է Ադրբեջանում, զեկույցը հրապարակել է սեպտեմբերի 15-ին:

Զեկույցը Ադրբեջանի կառավարությունը հորդորում է ձեռնարկել միջոցներ, որոնք թույլ կտան ազգային փոքրամասնություններին արտահայտել իրենց ինքնությունն ու խնդիրները, ինչպես նաև մասնակցել հանրային որոշումների կայացմանը ինչպես առանձին, այնպես էլ մյուսների հետ:

«Թալիշները Ադրբեջանի կառավարության կողմից չեն ճանաչվել որպես ժողովուրդ,- ասվում է զեկույցում:- Կառավարությունը թալիշների փաստացի ձուլման քաղաքականություն է վարում»:

Զեկույցում նաև նշվում է, որ «թալիշ» եզրույթի օգտագործումը փաստացի արգելված է Ադրբեջանի հանրային ոլորտում, և որ երկրում գրանցված թալիշական ՀԿ-ներ չկան:

Զեկույցը նաև վիճարկում է Ադրբեջանում բնակվող թալիշների պաշտոնական թիվը, որը 2009-ի դրությամբ 112 000 է: «Անկախ փորձագետները կարծում են, որ թալիշների թվաքանակը առնվազն տասն անգամ ավելի է, այսինքն՝ 1-2 միլիոնի միջև»,- ասված է զեկույցում:

Զեկույցի հրապարակումից հետո Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռուֆաթ Գուլիևը՝ Լենքորանի ընտրատարածքից, որտեղ թալիշական մեծ բնակչություն է ապրում, փորձել է հերքել այդ պնդումները:

Գուլիևը pravda.az կայքին ասել է, որ ներկայում «Ադրբեջանի հարավային գոտում ընդամենը» 200 000 – 300 000 թալիշ է բնակվում: Պատգամավորը նշել է, թե թալիշների «կյանքի համար հարմարավետ պայմաններ են ստեղծված», և որ «Ադրբեջանում ազգային փոքրամասնություն ներկայացնող որևէ քաղաքացու նկատմամբ սահմանափակումներ չկան»:

Հակառակի մասին պնդումները, ըստ նրա, «աբսուրդ» են։

Ադրբեջանի թալիշների հանրային խորհուրդը ստեղծվել է 2019-ի դեկտեմբերին։

Կազմակերպության համանախագահ Հիլալ Մամեդովը հերքում է Գուլիևի պնդումը, թե երկրում թալիշների նկատմամբ սահմանափակումներ չկան:

Նա դատապարտել է թալիշերենի հնացած դասագրքերի օգտագործումը, թալիշերենի՝ առանց այդ էլ ընդհատվող ուսուցման բացակայությունը չորրորդ դասարանից հետո և թալիշերենի ուսուցիչների պատրաստման համար հաստատությունների բացակայությունը: Ըստ Մամեդովի՝ թալիշերենով անկախ կայքերի հասանելիությունը «արգելափակված է ամբողջ երկրում»:

«Ի՞նչ հանդուրժողականության մասին է խոսքը»,- ասել է նա։

Հոդվածի բնօրինակը՝ OC Media կայքում՝ Talysh organisation slams alleged discrimination by Azerbaijani government

Մեկնաբանել