Ընտրակաշառքի տարածվածության ընկալումները Վրաստանում

Վրաստան Տեղական ընտրություններ

Գիվի Սիլագաձե և The Caucasus Datablog, OC Media


Վրաստանում հոկտեմբերի 2-ին կայացած տեղական ընտրությունների վերաբերյալ իր նախնական եզրակացությունում ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը վկայակոչում է «ընտրակաշառքի մասին համատարած և հետևողական պնդումներ», որոնք կասկածի տակ են դնում քվեարկության արդյունքները: Ամռանն ավելի վաղ արված սոցհարցման տվյալները լրացուցիչ լույս են սփռում խնդրի վրա․ ըստ դրանց՝ հարցվածների 16%-ը ճանաչում է մեկին, ում ընտրակաշառք են առաջարկել:

Վերջին տարիներին աճում են Վրաստանում ընտրությունների անցկացման վերաբերյալ մտահոգությունները: Դրանք մանրամասն արտացոլված են ժողովրդավարության ջատագովներ հանդիսացող միջազգային կառույցների զեկույցներում և ակադեմիական նախագծերում:

Freedom House–ի 2021-ի զեկույցում հատուկ շեշտադրում է արվում, որ վերջին տարիներին Վրաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում։ Նաև նշվում է, որ «ընտրակաշառքները մթագնել են» 2020-ի խորհրդարանական ընտրությունները:

Ըստ «Ժողովրդավարության տարատեսակներ» նախագծի, որը հենվում է փորձագիտական հարցումների վրա, 2017-ից ի վեր ազատ և արդար ընտրությունների վերաբերյալ Վրաստանի գնահատականները նվազում են: Այս անկումը մեծապես պայմանավորված է ընտրակաշառքի բաղադրիչի վերաբերյալ միավորներով, որոնք շարունակ նվազում են:

Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային ընկերակցության (ISFED) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC) վերջերս արած հետազոտությունը ներկայացնում է Վրաստանում ընտրակաշառքի նկատմամբ մարդկանց վերաբերմունքն ու այդ հարցնում նրանց փորձառությունը։

Քանի՞ մարդ է ճանաչում ինչ-որ մեկին, որը վաճառել է ձայնը

Ընդհանուր առմամբ, հարցվածների 12%-ը հայտնել է, որ ճանաչում է մեկին, ում որևէ քաղաքական կուսակցություն խոստացել է անձնական շահ՝ քվեի դիմաց: Ռեգրեսիոն վերլուծությունը ցույց է տալիս, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմնակիցների պարագայում ընտրակաշառք վերցնելը 17 տոկոսային կետով պակաս հավանական էր, քան ընդդիմության կողմնակիցների դեպքում:

Յուրաքանչյուր տասներորդ ընտրող ասել է, որ ճանաչում է մեկին, ում վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքական որևէ կուսակցություն կամ թեկնածու փաստացի գումար կամ նվեր է տվել քվեի դիմաց: Ռեգրեսիոն վերլուծությունը ցույց է տալիս, որ գյուղական վայրերում ապրող մարդիկ և ընդդիմության կողմնակիցները զգալիորեն ավելի հակված են հայտնելու, որ ճանաչում են այդպիսի մարդկանց, քան քաղաքային բնակավայրերում ապրողներն ու իշխող կուսակցության կողմնակիցները:

Ինչ վերաբերում է կոնկրետ քվեարկության օրն ընտրակաշառք բաժանելու պրակտիկային, ապա հարցվածների 10%-ը նշել է, որ ճանաչում է մեկին, ում ինչ-որ կուսակցության ներկայացուցիչ կամ համակարգող խնդրել է քվեարկել կոնկրետ կուսակցության օգտին` քվեարկության օրը գումար ստանալու դիմաց: Ռեգրեսիոն վերլուծության համաձայն՝ «Վրացական երազանք» կուսակցության կողմնակիցները, աղքատ ընտանիքներում ապրողներն ու տարեց մարդիկ ավելի քիչ էին նման բան ասում, քան ընդդիմության կողմնակիցները, հարուստ ընտանիքներում ապրողները, ինչպես նաև երիտասարդները:

Ընդհանուր առմամբ, հարցվածների 16%-ն ասել է, որ անձամբ ճանաչում է մեկին, որը համապատասխանում է վերոնշյալ երեք կատեգորիաներից մեկին:

Ռեգրեսիոն վերլուծությունը ցույց է տալիս, որ քաղաքաբնակ մարդիկ, իշխող կուսակցության համակիրները և ավելի աղքատ ընտանիքներում ապրողներն ավելի քիչ հավանական է, որ ծանոթ լինեն ինչ-որ մեկի հետ, որը ձայներ է գնել, քան գյուղերում բնակվողները, ընդդիմության կողմնակիցները կամ քաղաքական որևէ ուժի չհարող ընտրողները և ավելի հարուստ ընտանիքներում ապրողները։

Վրացիներն արդյոք մտահոգվա՞ծ են

Հարցվածներից յուրաքանչյուր հինգերորդը ընտրակաշառքը նշել է որպես երկրում ազատ և արդար ընտրությունների անցկացման հիմնական խոչընդոտ:

Այլ խմբերի համեմատ՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմնակիցներն ավելի քիչ են միտված ընտրակաշառքի հարցը նշել որպես խնդիր:

Հարցվածների կեսը (54%) Վրաստանում ազատ և արդար ընտրությունների անցկացման մեկ կամ մի քանի խոչընդոտ է նշել, մինչդեռ 27%-ը հայտնել է, որ չգիտի, թե ինչ խոչընդոտներ կան, իսկ 16%-ը նշել է, որ ազատ և արդար ընտրությունների համար խոչընդոտներ չկան:

Յուրաքանչյուր հինգերորդն (19%) ասել է, որ ընտրակաշառքը ընտրական պատշաճ վարքագծի ամենակարևոր խոչընդոտներից մեկն է, իսկ 12%-ը մատնացույց է արել ընտրողների նկատմամբ ոտնձգությունները: Այլ խոչընդոտներ նշել են հարցվածների ավելի փոքր հատվածներ:

Որպես ազատ և արդար ընտրությունների հիմնական խոչընդոտ՝ մի շարք տարբեր խմբեր ավելի հաճախ մատնանշել են ընտրակաշառքը, քան մյուս խոչընդոտները:

Այլ հավասար պայմաններում, էթնիկ վրացիները, ընդդիմության կողմնակիցները և մարդիկ, որոնք ընտրությունների մասին տեղեկատվությունն ստանում են հիմնականում ինտերնետի կամ սոցցանցերի միջոցով, ավելի միտված են մտածելու, որ ընտրակաշառքը վնաս է հասցնում ընտրություններին, քան էթնիկ փոքրամասնությունները, «Վրացական երազանքի» կողմնակիցները և մարդիկ, որոնք հեռուստացույց են դիտում:

Այն, որ հարցվածների 20%-ն է կարծում, որ ընտրակաշառքը Վրաստանում ազատ և արդար ընտրությունների հիմնական խոչընդոտն է, իսկ 16%-ն անձամբ գիտի ինչ-որ մեկին, որը ընտրակաշառք է ստացել, ներկայացնում է Վրաստանի ժողովրդավարական հեռանկարի մասին մռայլ պատկերը:

Այս ամենը, ինչպես նաև երկիրը ժողովրդավարացման ուղով տանելու՝ Վրաստանի հավատարմության վերաբերյալ վերջերս միջազգային հանրության կողմից հնչող մտահոգությունները, պետք է անհանգստացնեն վրացիներին։

Նշում. վերոնշյալ տվյալների վերլուծությունը հիմնված է տրամաբանական ռեգրեսիոն մոդելների վրա, որոնք ներառում են հետևյալ փոփոխականները` տարիքային խումբ (18-34, 35-54, 55+), սեռ (արական կամ իգական), կրթություն (միջնակարգ/ցածր կամ թերի բարձրագույն կրթություն/ավելի բարձր), բնակավայրի տեսակ (մայրաքաղաք, քաղաքային, գյուղական), ունեցվածք (10 տարբեր տեսակի սեփականության լրացուցիչ ցուցանիշ, անուղղակի ցուցանիշ), զբաղվածության վիճակ (աշխատում է, թե ոչ), ներքին տեղահանվածի կարգավիճակ (1989–ից ի վեր հակամարտությունների պատճառով հարկադրված է եղել տեղափոխվել կամ ոչ), էթնիկ ծագում (էթնիկ վրացի կամ էթնիկ փոքրամասնություն), տեղեկատվության հիմնական աղբյուր (հեռուստատեսություն, ինտերնետ/սոցցանցեր, այլ աղբյուրներ) և կուսակցական պատկանելիություն («Վրացական երազանք», ընդդիմություն, ոչ մի կուսակցություն/չգիտեմ, հրաժարվում եմ պատասխանել):

Այս վերլուծության մեջ օգտագործված տվյալները հասանելի են այստեղ:

Հոդվածը գրել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Վրաստանի գիտաշխատող Գիվի Սիլագաձեն: Հոդվածում արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին և չեն ներկայացնում ՀՌԿԿ Վրաստանի կամ որևէ առնչվող կազմակերպության տեսակետը:

Datablog | How widespread is vote-buying perceived to be in Georgia?

Մեկնաբանել