Քրեական գործ է հարուցվել Սերժ Սարգսյանի՝ Բադեն-Բադեն թռիչքների փաստով

«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ ծրագրերի համակարգող Դ. Իոաննիսյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ՀՀ նախագահին սպասարկելու նպատակով տրամադրված ինքնաթիռը 2008-2017 թվականների ընթացքում բարձրաստիճան պաշտոնատար անձանց կազմակերպմամբ շահագործվել և առանց ծառայողական անհրաժեշտության պետական միջոցների հաշվին կատարել է մի շարք չվերթներ: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։

Ըստ աղբյուրի՝ հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ստացվել, որ վերոհիշյալ ժամանակահատվածում նշված ինքնաթիռը բազմաթիվ չվերթներ է իրականացրել դեպի Գերմանիայի Դաշնության Բադեն-Բադեն քաղաք (Կարլսռուհե օդանավակայան), որոնցից մի մասի դեպքում չվերթները կազմակերպվել են սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ՀՀ նախագահի աշխատակազմից նախապես ստացված գրավոր հայտերի:

«Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերը պարունակում են ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման առերևույթ հանցագործության մասին տվյալներ, ուստի նյութերի հիման վրա 11.10.2021 թվականին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։ Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ՀՔԾ-ն:

Սեպտեմբերի 16-ին FIP.am-ը պարզեց, թե քանի անգամ է Սերժ Սարգսյանը պետության հաշվին եղել Բադեն-Բադենում, ինչպես է օգտագործվել նախագահական օդանավը նրա կառավարման տարիներին։ «Սերժ Սարգսյանն իր նախագահության տարիներին, փաստացի, ամեն տարի այցելել է գերմանական Բադեն-Բադեն քաղաք, որոշ դեպքում` տարին երկու անգամ»,- գրել էր կայքը։

Մեկնաբանել