Բաթումիի նախկին քաղաքապետի նախկին ընկերուհին սպանվել է երեխայի խնամակալության վեճից հետո

Anastasia-Shatalova-18-10-21-1024x682RU 2020-ին Անաստասիա Շատալովան մասնակցել էր «Նանուկայի շոուն» հաղորդմանը, որի ընթացքում նախկին քաղաքապետին մեղադրել էր իր և իրենց դստեր նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Լուսանկարը՝ «Մթավարի Արխի» հեռուստաընկերության:

Հոդվածը՝ Շոթա Կինչայի, OC-Media

Վրաստանի ոստիկանությունը հետաքննում է Բաթումիի նախկին քաղաքապետի նախկին ընկերուհու սպանությունը:

Կիրակի գիշերը Թբիլիսիի Սաբուրթալո թաղամասում սպանվել է Ռուսաստանի քաղաքացի, 26-ամյա Անաստասիա Շատալովան:

Չնայած Վրաստանի ներքին գործերի նախարարությունը մինչ այժմ լուռ է, տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ Բաթումիում ոստիկանության աշխատակիցները խուզարկել են Զուրաբ Բերիձեի բնակարանը և որոշ իրեր առգրավել։ Բերիձեն 2013-2015 թվականներին եղել է Բաթումիի քաղաքապետի տեղակալը:

«Բաթումելեբի» լրատվական գործակալությունը մեջբերում է Պաատա Շավաձեին (ներկայացնում էր սպանվածի շահերը), որն ասում է, որ մոտ երեք ամիս առաջ Բաթումիի քաղաքային դատարանը Բերիձեին ազատ էր արձակել 50 000 լարի (16 000 դոլար) գրավի դիմաց այն բանից հետո, երբ նախկին պաշտոնյան որպես մեղադրյալ էր ներգրավվել Շատալովայի և նրանց դստեր նկատմամբ ընտանեկան բռնության գործով:

Ըստ Շավաձեի՝ դատարանը նաև Բերիձեին արգելել էր որևէ շփում ունենալ Շատալովայի և երեխայի հետ, սակայն սպանության պահին արգելքի ժամկետն արդեն լրացել էր:

Դեռևս պարզ չէ, թե արդյոք Բերիձեին մեղադրանք կառաջադրվի, ինչպես նաև այն, թե արդյոք նա որևէ կերպ նա ներգրավված է Շատալովայի սպանության գործում։

Անաստասիա Շատալովան հանրությանը հայտնի դարձավ 2020-ի սեպտեմբերին վրացական «Նանուկայի շոուն» հայտնի հեռուստահաղորդմանը մասնակցելուց հետո: Հարցազրույցի ընթացքում նա ամուսնուն մեղադրեց իր և իրենց երեխայի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ՝ նշելով, որ նաև զենքով է սպառնացել իրեն։

Նույն հարցազրույցում Շատալովան պնդում էր, որ Բերիձեն առանձին ընտանիք ունի, ինչի մասին ինքն իմացել է միայն հղիանալուց և Թբիլիսիից Բաթումի տեղափոխվելուց հետո:

Շատալովան նաև պնդում էր, որ անցած տարի Բերիձեն գաղտնալսել է իր բնակարանն ու բջջային հեռախոսը, ինչպես նաև դայակի հեռախոսը և թույլ չի տվել տեսնել իր տասը ամսական դստերը:

Շատալովան խոստովանել է, որ Բերիձեին շանտաժի ենթարկելու փորձ է արել, որպեսզի երեխային հետ վերցնի, ինչի հետևանքով, նրա խոսքով, դատարանն իր նկատմամբ դատական արգելք էր սահմանել։

Մեկնաբանել