Հայաստան է վերադարձել հինգ գերի (լրացված)

Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի իշխանություններն ազատ են արձակել հինգ հայ զինծառայողի։ Այս մասին հայտնում է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի Տելեգրամի պաշտոնական ալիքը։

Հայ գերիները Երևան են տեղափոխվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով:

«Ռուսական կողմը հետագայում ևս կշարունակի աշխատանքը զինված հակամարտության դադարեցման մասին եռակողմ համաձայնագրի դրույթների կատարումն ապահովելու նպատակով»,- ասվում է հայտարարությունում։

Հայտնի են նաև Հայաստան վերադարձող գերիների անունները՝ Մելս Կարապետի Ամբարդանյան, Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյան, Ժորա Վանոյի Մանուկյան, Սեդրակ Սամվելի Սողոմոնյան, Հովսեփ Ռոբերտի Մանուկյան։

Լրացում

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկարներ, որտեղ դեսպան Կոպիրկինը դիմավորում է Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովին, որը բերել է գերիներին։