Ադրբեջանում ընդդիմադիր օրիորդի բռնաբարին ձերբակալել են մեկ տարի անց՝ սոցցանցային աղմուկից հետո

Ակտիվիստ-ֆեմինիստ Գուլնարա Մեհտիևան պաստառ է պարզել՝ «Ինչու է անչափահասին բռնաբարած մարդը մնում ազատության մեջ»։

Իսմի Աղաև, Բաքու OC Media

Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են տղամարդուն, որը մեղադրվում է 17-ամյա ակտիվիստ Սանայ Յաղմուրի՝ ադրբեջանցի գրող Զումրուդ Յաղմուրի դստեր բռնաբարության մեջ:

Ձերբակալությունը տեղի է ունեցել Յաղմուրի բողոքից ավելի քան մեկ տարի անց՝ այն բանից հետո, երբ իշխանությունների անգործության մասին Սանայի գրառումը սոցցանցերում լայն տարածում է ստացել և ցասում առաջացրել։

Ասգար Աղաևը ձերբակալվել է հոկտեմբերի 19-ի երեկոյան, իսկ Զումրուդ Յաղմուրը կանչվել է դատախազություն:

Հոկտեմբերի 12-ին Սանայ Յաղմուրը սոցցանցերում գրառում է արել ենթադրյալ բռնաբարության մանրամասն նկարագրությամբ, որին նա ենթարկվել է անցյալ տարի: Գրառումն արագ վիրուսային է դարձել՝ սոցցանցերում ստեղծելով հեշթեգեր և զայրույթ արդարադատության ակնհայտ թերացման համար:

Սանայի խոսքով՝ 2020-ի օգոստոսին, երբ նա այցելել էր հորաքրոջը, հորաքրոջ տղան՝ 29-ամյա Ասգար Աղաևը, նրա խմիչքի մեջ թմրանյութ է լցրել, ապա, երբ նա կորցրել է գիտակցությունը, բռնաբարել։

Երկու օր անց Սանայը և նրա մայրը դիմել են ոստիկանություն։ Ֆեյսբուքում Սանայի ներկայացրած դատական երեք առանձին փորձաքննությունները վկայում են, որ նա սեռական բռնությանը համապատասխանող վնասվածքներ է ստացել, իսկ ԴՆԹ-ի ապացույցները ցույց են տալիս, որ հանցանքի հեղինակն Աղաևն է:

Սանայը և նրա ընտանիքը պնդում են, որ չնայած այդ իրեղեն ապացույցներին և այլ ապացույցների, այդ թվում՝ ցուցմունքներին, փորձագետների եզրակացություններին և տեսագրություններին, Յասամալի շրջանի դատախազությունը հրաժարվել է մեղադրանք առաջադրել:

Այս գործում նոր զարգացումներ եղան միայն, երբ անցյալ շաբաթ սոցիալական ցանցում Սանայի գրառումը ենթադրյալ բռնաբարության մասին լայն տարածում ստացավ։

Գրառման հրապարակման հաջորդ օրը Սանայի մայրը կանչվել է գլխավոր դատախազություն, որտեղ, նրա խոսքով, գլխավոր դատախազի տեղակալ Մահիր Աբասովն իրեն հայտնել է, որ գործը վերանայվում է:

«Գլխավոր դատախազ Քամրան Ալիևը հատուկ կարգադրություն ունի այդ խնդրի վերաբերյալ, այն պետք է վերանայվի նրա անմիջական վերահսկողությամբ»,- ասել են նրան։

Զումրուդը OC Media-ին ասել է, որ այս գործի հետ կապված մեկ տարվա անգործությունը կապված էր իր և իր դստեր՝ ընդդիմադիր ակտիվիստ լինելու հետ:

«Քանի որ աղջիկս՝ Սանայը, և ես հասարակական-քաղաքական գործիչներ ենք, գլխավոր դատախազությունը լուրջ չի ընդունում խնդիրը, անտեղի ձգձգում է գործընթացը և հնարավորինս փորձում է գործը թաքցնել»,- ասել է նա:

«Կրկնակի տրավմա»

Հոկտեմբերի 18-ին սոցիալական ցանցերում շարունակվող վրդովմունքի ֆոնին գլխավոր դատախազությունը հայտարարություն է հրապարակել, որում կրկնել է այն, ինչն ասվել է Զումրուդին: Ըստ դատախազության՝ ներկայում գործը գտնվում է «գլխավոր դատախազության վերահսկողության ներքո», «քննչական վարչությանը հանձնարարվել է շարունակել հետաքննությունը»:

Հոգեբան և ֆեմինիստ ակտիվիստ Նարմին Շահմարզադեն OC Media-ին ասել է, որ այս գործում ակնհայտ անգործությունից բացի՝ իշխանությունները մի քանի այլ սխալներ են թույլ տվել հետաքննության ընթացքում, որոնք կարող էին Սանային պատճառել կրկնակի տրավմա:

«Օրենքը նախատեսում է, որ սեռական բռնության զոհը պետք է ստուգվի նույն սեռի անձի կողմից»,- ասել նա ՝ նշելով, որ Սանայի խոսքով ՝ իրեն զննած բժիշկներից երկուսը տղամարդ են եղել:

Բացի այդ, այն բանից հետո, երբ միջադեպը դարձել էր հանրության սեփականությունը, դատախազությունը պետք է «հանդես գար հայտարարությամբ, որը Սանային կպաշտպաներ սոցիալական ցանցերում հարձակումներից և ճնշումներից»,- ասել է Շահմարզադեն:

Բաքվեցի անկախ փաստաբան Ռովշանա Ռահիմլին OC Media-ին ասել է, որ հաշվի առնելով մեղադրանքների լրջությունը՝ «կասկածելի է», որ հետաքննությունը ենթադրյալ հանցագործի նկատմամբ մեկ տարուց ավելի որևէ «վերջնական գործողության» չէր հանգում:

«Փորձը ցույց է տալիս, որ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածը (բռնաբարություն) բավական լուրջ է հետապնդում իրականացնելու համար»,- ասել է Ռահիմլին:

Մեկնաբանել