Ռազմական հարցեր լուսաբանող ադրբեջանական լրատվական կայքի, ինչպես նաև միջազգային հայտնի մեկ լրագրողի հաղորդագրության համաձայն՝ իրանական զինուժը Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Արաքս գետի վրա հատել է իրանա-ադրբեջանական միջազգային սահմանը և կարճ ժամանակով կանգնեցրել ադրբեջանական հարձակումը:
Այս պնդումն արվել է հոկտեմբերի 10-ին ադրբեջանական Caliber ռազմական թեմաներով մասնագիտացած լրատվական կայքի հրապարակած տեսանյութում։ Caliber-ի տվյալներով՝ հրաձգային զենքով զինված իրանական զորքերի ոչ մեծ զորակազմը բետոնե պատնեշներ է տեղադրել և «մի քանի օր» խոչընդոտել հետագա առաջխաղացումը:
Ինչպես հաղորդվում է, բանակցություններից հետո իրանական զորքերը նահանջել են սահմանից։
Մերձավոր Արևելքի հարցեր լուսաբանող՝ Լոնդոնում գտնվող Middle East Eye առցանց պարբերականի թուրքական բյուրոյի ղեկավար Ռագիփ Սոյլուն, ըստ էության, հաստատել է այդ պնդումը՝ Թվիթերում հոկտեմբերի 10-ին գրելով, որ պնդումը «ճիշտ է», և որ «տարածաշրջանային մեկ աղբյուր» ու «ադրբեջանցի մեկ պաշտոնյա» ժամանակին հաստատել են դա:
OC Media-ին չի հաջողվել այն պնդման իսկությունն ինքնուրույն ստուգել։ Մեկնաբանության խնդրանքին ի պատասխան՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը OC Media-ին ուղղորդել է Պետական սահմանապահ ծառայություն, որը չի պատասխանել լրատվամիջոցի բազմաթիվ հարցումներին:
Caliber -ի տեսանյութը հրապարակվել է Իրանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական լարվածության ժամանակ, երբ Ադրբեջանը իրանական բեռնատարներին մեղադրում էր Լեռնային Ղարաբաղ ապրանքներ տեղափոխելու մեջ, իսկ Իրանը Ադրբեջանին մեղադրում էր իսրայելական ուժերին Ադրբեջանի տարածքում տեղակայելու մեջ:
Ամսվա սկզբին Իրանը բազմօրյա զորավարժություններ անցկացրեց Ադրբեջանի հետ իր հյուսիսարևմտյան սահմանին, որը զուգորդվեց Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի՝ Բաքվի հասցեին հնչեցրած նուրբ քողարկված սպառնալիքով:
Տես նաև՝ Ինչ է ընկած Իրանի ու Ադրբեջանի միջև աճող լարվածության հետևում․ հայացք Բաքվից