Թբիլիսիում վճռական ընտրությունից առաջ Նիկա Մելիան ներկայացրել է «ստվերային կառավարության» կազմը

թբիլիսի քաղաքապետի ընտրություն Նիկա Մելիան ներկայացնում է քաղաքապետի տեղակալների թեկնածուներին։

Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Վրաստանում «Միացյալ Ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան ներկայացրել է Թբիլիսիի կոալիցիոն «ստվերային կաբինետը», որը Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար նրա նախընտրական մրցավազքում ներառում է ընդդիմության մյուս առաջնորդներին:

Մելիան նշել է քաղաքապետի տեղակալների չորս թեկնածուների անունները՝ Մամուկա Խազարաձե՝ «Լելո» կուսակցությունից, Զուրաբ Ջափարիձե՝ «Գիրչի – ավելի շատ ազատություն» կուսակցությունից, Էլենե Խոշտարիա՝ «Դրոա» կուսակցության ղեկավար, և «Միացյալ ազգային շարժում»-ից Իրակլի Աբեսաձե։

Մելիան հոկտեմբերի 30-ին տեղական ընտրությունների երկրորդ փուլում մրցելու է «Վրացական երազանքի» գործող քաղաքապետ Կախա Կալաձեի հետ:

Երկրորդ փուլում քաղաքապետի պաշտոնների համար պայքարն ընթանալու է Վրաստանի բոլոր հինգ ինքնակառավարվող քաղաքներում՝ Թբիլիսիում, Ռուստավիում, Քութաիսիում, Փոթիում և Բաթումիում։ Ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի նաև մունիցիպալ և քաղաքային մի քանի խորհուրդներում (սակրեբուլո), որտեղ որևէ թեկնածու իր ընտրատարածքում չի հավաքել ձայների ավելի քան 40 տոկոսը։ Մեկ տեղի համար պայքար կլինի նաև Թբիլիսիի Սաբուրթալո շրջանում:

Եթե Մելիան հաղթի քաղաքապետի ընտրություններում, նա, ամենայն հավանականությամբ, դժվարություններ կունենա քաղաքի կառավարման հարցում կամ անգամ իր ներկայացրած կաբինետի անդամներին նշանակելու հարցում, քանի որ «Վրացական երազանքը» քաղաքային խորհրդում ունենալու է մեծամասնություն:

Քաղաքապետի պաշտոնում նրա մրցակից Կախա Կալաձեն ակնարկել է, որ «Վրացական երազանքը» վետո կդնի փոխքաղաքապետի թեկնածու առաջադրված թեկնածուների վրա, եթե Մելիան հաղթի:

«Զավեշտալի է, որ մարդը դուրս է գալիս և ներկայացնում կոնկրետ անհատների՝ ասելով, որ նրանք կոնկրետ պաշտոններ կզբաղեցնեն այն պարագայում, երբ «Վրացական երազանքը» Թբիլիսիի քաղաքային խորհրդում ունենալու է մեծամասնություն»,- ասել է նա:

Վրաստանի տեղական ինքնակառավարման օրենքի համաձայն՝ քաղաքապետի բոլոր տեղակալներին պետք է հաստատի քաղաքային խորհուրդը։ Եթե խորհուրդը մերժի քաղաքապետի ներկայացրած թեկնածուներին, ապա քաղաքապետը նույն թեկնածուներին առաջադրելու ևս մեկ հնարավորություն կունենա։

«Կոալիցիոն կառավարությունը միմյանց հաշվետու պահելու հնարավորություն է»

Ներկայացնելով Խազարաձեին՝ Մելիան ասել է, որ նա «մարդ է, որն աջակցում է Թբիլիսիի բնակիչներին և ուժ տալիս ինձ՝ որպես այդ քաղաքում ծնված տղա»:

Խոշտարիան իր հերթին ասել է․ «Կոալիցիոն կառավարությունը բոլոր մարդկանց շահերը հաշվի առնելու, միմյանց սխալները կանխելու և միմյանց պատասխանատվության ենթարկելու հնարավորություն է. մեր խնդիրն է հաղթելը, ոչ թե որևէ մեկին ոչնչացնելը»:

Նախքան թիմին չորեքշաբթի ներկայացնելը՝ Խոշտարիան և Խազարաձեն կոալիցիոն համաձայնագիր են ստորագրել «Միացյալ ազգային շարժման» ղեկավարի հետ:

Մելիան նաև առաջադրել է համայնքային ծառայությունների ղեկավարի 21 թեկնածուների, այդ թվում ՝ մի քանի ընդդիմադիր կուսակցությունների անդամների և որոշ անկուսակցական գործիչների:

Թեկնածուներին ներկայացնելիս Մելիան նաև ասել է, որ ինքը կհեռանա «Միացյալ ազգային շարժման» նախագահի պաշտոնից, եթե հաղթի քաղաքապետի ընտրություններում։

«Ես կմնամ կուսակցության սովորական անդամ: Չեմ կարծում, որ ճիշտ է լինել 1,5 միլիոնանոց քաղաքի ղեկավար և կաբինետի նիստ անցկացնել քաղաքապետարանում ու նույն օրը կուսակցական հանդիպում անցկացնել»,- ասել է նա:

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, բանտից գրելով Թբիլիսիի համար ներկայացված կոալիցիոն կառավարության մասին, հայտարարել է, որ «լիովին աջակցում է Թբիլիսիի կառավարության բազմազանությանը և մայրաքաղաքում կոալիցիոն կառավարմանը, որը «Երազանքի» ռեժիմը կփոխի բազմակուսակցական, բազմազան և արդյունավետ կառավարության՝ Նիկա Մելիայի գլխավորությամբ»: