Փակ նիստում զինվորականները հաստատել են, որ Փայլասարում դիրքային փոփոխություններ չեն եղել․ Օհանյան

Հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել փակ ձևաչափով քննարկում հայ-ադրբեջանական շփման գծի իրավիճակի ու սահմանազատման խնդրի վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Կամո Քոչունցն ու ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց՝ քննարկումից իր եզրակացություններից մեկն այն է, որ «որևիցե հենք չի եղել, որ հայկական զորքերը հետ քաշվեն այն դիրքերից, որտեղ պատերազմն ավարտվել է՝ հատկապես Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում»։ Օհանյանն ավելացրեց, որ դա տեղի է ունեցել բանավոր պայմանավորվածությունների հիման վրա։ Նա առաջարկում է բարձրացնել պաշտպանության նախարարության ու ԱԱԾ սահմանապահ զորքերի փոխգործակցության մակարդակը։

««Հայաստան» դաշինքի խնդիրն այն է եղել, որ հասկանանք՝ ինչ է կատարվում ու կանխենք»,- հայտարարեց Օհանյանը։

Նոյեմբերի 9-ին հնարավոր ստորագրվելիք փաստաթղթի վերաբերյալ հարցադրումներ նիստի ժամանակ չեն եղել, ասաց Օհանյանն ու ավելացրեց՝ «փոքր մասեր են եղել, բայց տվյալ զինվորականները չեն պատասխանել այդ հարցերին, քանի որ չեն տիրապետել»։

ԳՇ ու ԱԱԾ պաշտոնյաները, Օհանյանի փոխանցմամբ, նիստում հաստատել են, որ Սյունիքի մարզի Փայլասարի հատվածում դիրքային փոփոխություններ չեն եղել։

Մեկնաբանել