Հայաստանում անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները նվազել են

Երևան անշարժ գույք

2021-ի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները Հայաստանում նվազել են 2,2 տոկոսով։ Այս մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի հրապարակած եռամսյակային հաշվետվությունից։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ամենաշատը անշարժ գույքի առքուվաճառքը նվազել է Սյունիքի մարզում՝ 28,5 տոկոս։ Այս տվյալը հետաքրքիր է նրանով, որ Սյունիքում վերջին տարիներին առնվազն համադրելի ժամանակահատվածում անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների թիվն աճում էր, այսպես․

2018-ին Սյունիքում առքուվաճառքի գործարքներն աճել էին 20,2 տոկոսով,

2019-ին՝ 14,6 տոկոսով,

2020-ին՝ 41,3 տոկոսով։

Այս ժամանակահատվածում Սյունիքում անշարժ գույքի առքուվաճառքի կտրուկ անկումն ըստ երևույթին պայմանավորված է մարզի շուրջ անվտանգային խոցելի միջավայրի առկայությամբ։ Մարզում առքուվաճառքի գործարքների նվազում եղել էր նաև այս տարվա առաջին եռամսյակում՝ 28 տոկոսով։ Այս տարվա երրորդ եռամսյակում առքուվաճառքը նվազել է նաև Շիրակի մարզում՝ մոտ 13 տոկոսով, և Գեղարքունիքի մարզում՝ 12,2 տոկոսով։

2021-ի երրորդ եռամսյակում Երևանում առքուվաճառքի գործարքները աճել են մոտ 11 տոկոսով։

Ընդհանուր առմամբ անշարժ գույքի գործարքների թիվն այս տարվա երրորդ եռամսյակում աճել է՝ 50 978-ից հասնելով 51 897-ի։ Ամենաշատ գործարքները եղել են Երևանում, իսկ ամենաքիչը՝ Վայոց ձորի մարզում։ Ընդհանուր գործարքների 37,2 տոկոսը եղել են հողի հետ կապված գործարքները, 28,8 տոկոսը՝ բնակարանային գործարքները, 21,3 տոկոսը՝ բնակելի տների հետ կապված գործարքները, իսկ 7 տոկոսը՝ հասարակական նշանակության շինությունների գործարքները։ Երևանում գործարքների կեսից ավելին վերաբերել են բնակարանների ձեռքբերմանն ու վարձակալությանը։

Մարզերում անշարժ գույքի գործարքները նվազել են աննշան՝ 0,7 տոկոսով։ Երևանից բացի գործարքներն ամենաշատը աճել են Կոտայքի ու Արմավիրի մարզերում։

Ինչպես են փոխվել բնակարանների քառակուսի մետրի միջինացված գները մարզերում

Ինչպես նշվեց, Սյունիքի մարզում առքուվաճառքի գործարքները էականորեն պակասել են։ Կադաստրի կոմիտեի տվյալներից երևում է, որ բնակարանի քառակուսի մետրի միջինացված արժեքով Սյունիքում գնանկում է եղել այս տարվա երրորդ եռամսյակում. մասնավորապես՝ Գորիսում բնակարանի քառակուսի մետրի միջին գինը նվազել է 3,2 տոկոսով, Կապանում՝ 2,2 տոկոսով, Սիսիանում՝ մոտ 5 տոկոսով, Մեղրիում 3 տոկոսով, Քաջարանում 1,7 տոկոսով։

Բնակարանի քառակուսի մետրի գները 14,1 տոկոսով աճել են Արտաշատում, 14 տոկոսով՝ Վանաձորում, 10,7տոկոսով Գյումրիում, 10,6 Աբովյանում, 9,5 տոկոսով՝ Աշտարակում։

2021-ի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Երևանում բնակարանների քառակուսի մետրի միջինացված գինն աճել է 2,3 տոկոսով։ Արաբկիրում քառակուսի մետրի միջին գինը աճել է 4,1 տոկոսով, Նոր Նորքում՝ 5 տոկոսով, Շենգավիթում՝ 4,5 տոկոսով, իսկ Դավիթաշեն ու Կենտրոն վարչական շրջաններում քառակուսի մետրի միջին գինը նվազել է՝ համապատասխանաբար 0,7 և 0,6 տոկոսներով։

Հայաստանում նվազել են նաև հողերի առքուվաճառքի գործարքները, մասնավորապես անցյալ տարվա երրորդ եռամսյակի համեմատ անկումը կազմել է 12,6 տոկոս, իսկ միայն Երևանում՝ 33,5 տոկոս։ Հողերի առքուվաճառքի գործարքների դրական դինամիկա եղել է միայն Լոռիի ու Արմավիրի մարզերում։

Իրավաբանական անձանց կողմից ձեռք բերված գույքի ծավալները ևս նվազում են․ ըստ կոմիտեի տվյալների՝ 2021-ի երրորդ եռամսյակում իրավաբանական անձինք վաճառել են 1 454 միավոր անշարժ գույքի, գնել՝ 571-ը։

Մեկնաբանել