Ռուսաստան ու ԵՄ-ն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին լարվածության սրումը

Նոյեմբերի 17-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:

Ինչպես հայտնում են ՌԴ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում լարվածության սրումը։ «Մտահոգություն է հայտնվել տեղի ունեցած զինված ընդհարումների կապակցությամբ։ Ընդգծվել է Բաքվի և Երևանի կողմից զսպվածության դրսևորման, բոլոր խնդիրները բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով լուծելու հրամայականը»,- ասված է հաղորդագրությունում։

***

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Ընթացել են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։

Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է։

Մեկնաբանել