Ակնկալում ենք, որ Մինսկի խմբի միջնորդները ևս կկազմակերպեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում․ Փաշինյան

նիկոլ փաշինյան - nikol pashinyan ասուլիս

Մենք ակնկալում ենք, որ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը կկազմակերպի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, առցանց մամուլի ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Երևանն ու Բաքուն որոշեցին օգտագործել Արևելյան գործընկերության հարթակը, որը դուրս է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակից։

«Մի քանի անգամ հայտարարել եմ, որ ՀՀ-ն պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակով հանդիպումներ ունենալ Ադրբեջանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով»,- նշեց նա։

Փաշինյանը նկատեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատով հանդիպումներ արդեն ունեցել են։

«Մենք ակնկալում ենք և սպասում ենք, որ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը կազմակերպի այդպիսի (բարձրագույն մակարդակով – խմբ․) հանդիպում»,- ասաց նա։

Վարչապետի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների շփումները պետք է լինեն ավելի հաճախ, «որպեսզի կարողանանք լուծումներ գտնել և փորձել խուսափել ճգնաժամերից»։

***

Նոյեմբերի 19-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, և վերջիններս համաձայնել են դեկտեմբերի 15-ին նախատեսված Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում հանդիպում ունենալ։

Մեկնաբանել