«Հայաստանում կինը պիտի բավարարի ամուսնու կցորդի հանրային ակնկալիքը»

կանայք հայաստանում

Նոյեմբերի 25-ին մեկնարկել է Կանանց նկատմամբ բռնության վերացման 16-օրյակը: Աշխարհում յուրաքանչյուր երրորդ կին իր կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ բռնության է ենթարկվում: Աղջիկների մասին տեղեկություններն ավելի սակավաթիվ են, որովհետև բռնության ենթարկվածներից միայն մեկ տոկոսն է դիմում աջակցության:

Երկու քայլ հետ արեց, սառեց ու ապշած նայեց երեք կանանց: «Դո՞ւք եք գնում տունս»,- ասաց ու լռեց: Ինձ մի պահ թվաց՝ հիմա կպտտվի ու կհեռանա սարի տակ անվերջ ձգվող արոտավայրում գտնվող մեկուսի իր առանձնատուն: Պատկերացրեցի` եթե քաղաքական քարոզարշավի կամ հանրային այլ հարցով ժամանած լինեինք: Լավ էր կլորիկ գումարի տերերն էինք ու անառարկելի առավելություն ունեինք մեր գրպանում եղածի զորությամբ: Մեկ է՝ անգամ այդ զորությամբ, տղամարդը անհասկանալի պատճառով խուսափում էր լուրջ խոսակցության բռնվել երեք կանանցից ամենաերիտասարդի հետ:

Քաղաքում դա տեսել էի, բայց ավելի քողարկված: Հավանաբար նաև գրպանի զորությամբ կնոջ անհավասարությունը շտկելու առևտրային առիթներն ավելի շատ էին: Վարձատրվող աշխատանք, զվարճանքի վայրեր, առևտրի կետեր, մշակութային միջոցառումներ և այլն: Հիշեցի մորս՝ աղոթքից հաճախ հնչող խոսքերը. «Դո՛ւ պիտի ինքդ քո գումարը վաստակես ու հույսդ ոչ ոքի վրա չդնես»:

Գյուղում մնացինք մի քանի օր: Տուն էինք փնտրում: Կանայք գործունյա, աշխատասեր, տնային տնտեսությունը վարող, երեխաներին դաստիարակող ուժն են: Հավանաբար մտածում են՝ հավասար են, սեղանին նստում են տղամարդկանց հետ, խոսում են, կարգավորում են տան անցուդարձը: Առաջին հայացքից ամեն բան լավ է: Միայն թե չգիտեմ՝ քանիսն է տուն գնել կամ որոշել՝ համայնքում կյանքը ինչպես պիտի կազմակերպվի: Տեսնես գոնե գրպանի մի անկյունում գաղտնի պահված զորություն հասցրե՞լ է կուտակել:

Գիշերը քունս չէր տանում: Անվերջ մտածում էի ապշած տղամարդու մասին: Մտքիցս չէի կարողանում հանել, թե ինչպես արոտավայրից դուրս գալիս քննիչի կասկածամիտ հայացքով նայեց մեքենայիս ու ասաց՝ «գոնե էդ մեխանիկական ավտոն կարգին քշել կարողանո՞ւմ ես»: Այնպես չէ, որ առաջին անգամ էի քննվել, զննվել ու կասկածի տակ դրվել: Վստահ եմ՝ շատ կանանց պատմություններից չի տարբերվում: Պատի ծաղկազարդ պաստառից ավելին լինելու հավակություն ունեցող որևէ կին կփաստի, որ անվերջ քննվել է: Սահմանադրությունն ասում է՝ Հայաստանի Հանրապետությունում տղամարդն ու կինը հավասար են: Միայն թե չեմ հասկանում, թե ինչպե՞ս է հավասարներից մեկը անվերապահորեն զննում, իսկ մյուսը՝ անդադար քննվում ու կասկածի տակ դրվում: Մաթեմատիկայում նման բան լինել չի կարող․ հավասարության երկու կողմերում հավասար մեծություններ են ու վերջ: Կյանքը, բայց, մաթեմատիկա չէ:

Հայաստանում վերջերս հեռարձակված բազմասերիանոց ֆիլմերից մեկում, որտեղ կանայք ինչ-որ հրաշքով ծեծված ու տանջված, միայն տանը տառապող կերպարներ չէին, այլ ներկայացված էին աշխատող, բարձր պաշտոն զբաղեցնող, խիզախ կամ ազատ կերպարների միջոցով, դիտորդների կողմից միանշանակ չընդունվեցին: Հեռարձակման ժամանակ հետազոտական թիմը դիտարկում էր ֆիլմը դիտողների կարծիքները, դրանք գրառում ու վերլուծում: Դպրոցական աղջիկներից մեկը, որ դասարանում մաթեմատիկայից լավագույն առաջադիմությունն ուներ, խիզախ էր ու արդարամիտ, ինքնուրույն որոշումներ էր կայացնում, անգամ հանդգնում էր «չենթարկվել» իր ընկերոջը, հիշվեց փաբ գնալու ու ընկերոջը չլսելու համար: Իհարկե, անվերապահորեն մերժվեց: Ընկերոջն էլ, ֆիլմի վերջում իր հետ միավորվելու համար, համարեցին ոչ կարգին տղամարդ, ու միայն տղայի երիտասարդ տարիքը փրկեց իրեն վերջնական մերժումից: Նախարար կնոջը հիշեցին նրա մայրական քնքուշ խորհուրդների համար: Գործարար կնոջը ընդունեցին միայն, երբ ֆիլմի վերջում խոստովանեց, որ առանց տղամարդու կյանքը դժվար է: Ցոփ ու շվայտ կյանք վարող, սիրուհիների հետ այս կամ այն զվարճանքի վայրում երեկոները կարճող մեծահարուստի կնոջը խարանեցին տարիների սիրված տղամարդու հետ տնից հեռանալու համար: Պատկառելի տարիքով ժամանակակից կայտառ տատիկին հիշեցին էպիզոդիկ՝ իր էկզոտիկ կերպարի համար:

Պարբերաբար ամուսնու կողմից բռնության ենթարկվող կնոջը քննեցին ու զննեցին, որ հասկանան, թե որտեղ է թերացել ու արթնացրել ամուսնու զայրույթը: Պրպտեցին, չեղած հնարավոր վարկածներով կիսվեցին, բայց բան չգտան ու սկսեցին մեղադրել, որ չի հեռանում ընտանիքից: Երբ փախավ ու գնաց հարևան տղամադուց օգնություն խնդրելու, մեղարդեցին, որ ոչ արյունակից տղամադուն հանդգնեց դիմել ու խոսել նրա հետ: Ու անվերջ սպասեցին հույսով, որ մեկ է բազմասերիանոց ֆիլմի վերջում, դատարանից դուրս գալուց հետո, պարբերաբար բռնության ենթարկվող կինը էլի կհաշտվի իր ամուսնու հետ: «Փնտրե՛ք կնոջը», ինչպես կասեր հայտնի ասացվածքը: Մեր դիտողին չգոհացրին կանայք:

Ակնհայտ էր մեկ բան՝ Հայաստանում կինը իսկապես պիտի բավարարեր ամուսնու կցորդի հանրային ակնկալիքը: Երեխաներին խնամեր, տնային տնտեսությունը վարեր, իսկ այդ ամենը անելուց հետո, եթե ժամանակ մնար, աշխատեր այնքան, որ տղամարդու վաստակին մի կաթիլ ավելացներ՝ այն էլ միայն ընտանիքի համար: Որոշումներ կայացնելիս կնոջից ակնկալիքները պարփակվում էին աջակցող գործառույթով: Հասարակությունը չէր սպասում, որ կինը ինքնուրույն որոշում կայացնի, այլ՝ միայն միջամտի խորհրդատվական նկատառումներով: Ամուսինը կորոշի՝ լսի, թե ոչ:

Պարզ էր դառնում, թե ինչու այն տարբերվող անկախ, խիզախ, սեփական եկամուտը ունեցող, ինքնուրույն որոշում կայացնող կանայք լավ չընդունվեցին կամ չընկալվեցին հայաստանյան դիտողի կողմից: Տղամարդիկ ավելի խիստ էին իրենց գնահատականներում, բայց կանայք էլ կանանց չէին խնայում: Այսքանից հետո սպասել, որ տարբեր հիմնարկներում աշխատող ու խորհրդակցության հրավիրված կանայք առարկայական ազդեցություն ունենան, ինչ-որ աղոտ ապագայի հարց է: Երբ կնոջ մասնակցությունը միայն ներկայություն է ենթադրում, այլ ոչ որոշումների կայացում, ակնկալել, որ կլինեն ղեկավար կանայք, ու նրանց գիտելիքը չի քննվի, զննվի ու թերագնահատվի, իրատեսական չէ: Զարմանալ պետք չէ, որ էկրանից մշտապես տղամարդիկ են աշխարհաքաղաքական, խորագետ մտքեր հաղորդում, կուսակցական ժողովներում էլի նույն դեմքերն են, իսկ քաղաքական վերնախավում կին չկա: Ու չհուսաք, որ 2167 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահը կին կլինի: Սա դեռ ոչինչ: Ամենավտանգավորը այն է, որ որոշում կայացնելու, անկախ գործելու, ազատ լինելու հանրային սպասում չունեցող կնոջը ոչ մի կառույց ու միջոցառում չի կարողանա պաշտպանել ընտանեկան կամ մեկ այլ բռնությունից: Որքան էլ փակուղային, պայքարը մեկ է՝ շարունակվում է:

Մեկնաբանել