Ըստ Սալիվանի` չդեմարկացված սահմանների մոտ ռազմական տեղաշարժն անպատասխանատու և սադրիչ է

Դեկտեմբերի 15-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ, հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից։

«Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի շուրջ և տարածաշրջանում անվտանգային միջավայրին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Այս համատեքստում քննարկվել են նաև տարածաշրջանային տնտեսական համագործակցության հնարավորությունները, որոնք անվտանգային հավելյալ երաշխիքներ կստեղծեն երկարաժամկետ կայունության և խաղաղության հաստատման համար։ Հանդիպման վերջում Արմեն Գրիգորյանը հրավիրել է Ջեյք Սալիվանին այցելել Հայաստան»,- ասված է գրասենյակի հաղորդագրությունում։

Գրիգորյանի և Սալիվանի հանդիպման վերաբերյալ Սպիտակ տան տարածած հայտարարությունում էլ ասվում է, որ ԱՄՆ նախագահի խորհրդականը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև պահպանվող լարվածության առնչությամբ և շեշտել է, որ «ռազմական տեղաշարժը չդեմարկացված սահմանների մոտ անպատասխանատու և սադրիչ է»:

«Նա ողջունել է երկու կողմերի միջև շարունակվող շփումը և ընդգծել ԱՄՆ հանձնառությունը՝ շարունակել աջակցել վստահություն առաջացնող մեթոդներին ու տարածաշրջանային հաշտեցմանը՝ ինչպես երկկողմ հարաբերությունների մակարդակում, այնպես էլ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր: Պարոն Սալիվանը ողջունել է երեկ տեղի ունեցած հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն՝ քննարկելու կարգավորման գործընթացը»,- ասվում է հայտարարության մեջ:

Մեկնաբանել