Իմ նպատակը 2018-ին ամեն գնով իշխանությունը պահելը չէր․ Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյան ՀՀԿ

Հայաստանի հանրապետական կուսակցության հերթական` 17-րդ համագումարում ծավալուն ելույթ է ունեցել կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ելույթից որոշ հատվածներ ներկայացված են ստորև։ (Ենթավերնագրերով բաժանումները՝ ՍիվիլՆեթի)։

«Արցախը հանձնենք, լավ կապրենք»-ը քայքայեց անկախության հիմքերը

Տարիներ շարունակ ոմանց կողմից ձևավորվող թաքուն սպասումն ու ոգևորությունը, թե՝ «Արցախը հանձնենք, լավ կապրենք», քայքայեց ու կործանեց մեր երեսնամյա անկախության հիմքերը: Արցախի հարցը եղել ու մնում է մեր ժողովրդի գոյության և պաշտպանության հարցը, մեր ինքնության ու տեսակի պահպանման հարցը` որպես անկախ պետական միավոր: Եվ սա հասկանալու համար, ցավոք, մեր ժողովրդին պետք եղավ անցնել կորուստներով լի մի ամբողջ արյունալի պատերազմով:

Այսօր աշխարհում 85 ազգեր կան, որ 3-ից 30 միլիոն բնակչություն ունեն, լեզու, մշակույթ, կրոն ունեն, բայց պետություն չունեն: Ի՞նչ է, մենք ուզում ենք համալրե՞լ նրանց շարքերը, մոռանա՞լ անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հազարավոր մեր եղբայրների ու քույրերի արյունը:

Ես և իմ զինակից ընկերները երբեք չենք թաքնվել բունկերում: Մեր սերունդը հավատում էր, որ Հայրենիքի առջև պարտքը կատարելը հերոսություն չէ: Մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելը մեր պարտքն ու ծառայությունն էր: Մեր սերունդը հավատում էր, որ գործերը խոսում են իրենց մասին: Ընդ որում, միջազգային հարաբերությունների տեսանկյունից հետաքրքիր է արձանագրել, որ երկրորդ աշխարհամարտից հետո տարածքային ձեռքբերմամբ և առանց սանկցիաների ուղեկցվող հաղթանակներ չեն եղել աշխարհում: Ինչպե՞ս չկարողացանք հստակ բացատրել մեր ժողովրդին այս բարեբախտության նշանակությունը: Փոխարենը «տանք, որ լավ ապրենք»-ը լայնորեն գովազդվում էր: Ակամայից ուզում եմ հարցնել` հիմա լա՞վ եք ապրում:

Իմ նպատակը 2018-ին ամեն գնով իշխանությունը պահելը չէր

2018 թվականին ես հեռացա` խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մաղթելով մեր երկրին, հեռացա, որպեսզի պոպուլիստների ու աշխարհաքաղաքական հստակ նպատակներով նրանց իշխանության բերած արտաքին շահագրգիռ ուժերի աջակցությամբ խաբված, մանիպուլյացիայի, ստի ու ապատեղեկատվության մեծ չափաբաժիններից թունավորված մեր ժողովուրդը հանդարտվի, երկրի ներսում արյուն չթափվի և հրապարակում հավաքված բազմահազար ոգևորված մարդիկ կառուցեն իրենց երազած երկիրը, իշխանության եկածներից նույնպիսի ոգևորությամբ հետևողականորեն պահանջեն կետ առ կետ կատարել խոստումներն ու հաշվետու լինել ժողովրդին: Ես միայն ուրախ կլինեի, եթե այդպես լիներ, և երկրում խաղաղություն, ներդաշնակություն ու տրամաբանություն լիներ, որոնցից, ցավոք սրտի, անցած երեքուկես տարիներին ոչինչ չմնաց:

«Թավշյա և ժողովրդական հեղափոխության» շղարշի ներքո քողարկվածի իրական նպատակներն այսօր արդեն շատերին տեսանելի են: Ես, ակնհայտորեն, խանգարում էի նրանց, ովքեր այս խեղկատակների ձեռքով ինձ կանգնեցրին ծանր երկընտրանքի առաջ` հեռանալ կամ ուժ կիրառելով՝ սեփական երկրում արյուն թափելով, մնալ իշխանության: Դժվար չէ պատկերացնել, թե հետո «հեղափոխություն» կոչվածի սցենարիստները կամ իրական շահառուները ինչ վիճակի մեջ կդնեին Հայաստանը, ինչպիսի վերաբերմունքի կարժանացնեին` բնորոշելով նրա ղեկավարին բռնապետ, իսկ երկիրը իզգոյ և այլն, ու բողոքների նորանոր ալիքներով անկայունություն կհրահրեին, մինչև հասնեին իմ հրաժարականին: Նրանց ամենևին հետաքրքիր չէր, որ Հայաստանի ներքաղաքական անկայունությունը լրջորեն մեծացնում է արտաքին վտանգը, որ սահմանին միանգամից լարվածություն է առաջանում, և թշնամին օգտվում է հարմար առիթից: Նրանց համար միևնույն էր, գուցե և ցանկալի, ինձ համար՝ ոչ: Ես այդ ամենը հաշվի էի առել:

Մեր իշխանությունը խանգարում էր բոլոր նրանց, ում պատկերացումները Արցախի հարցի և Հայաստանի ապագայի վերաբերյալ չէին համընկնում մեր պատկերացումների հետ. մենք ոչ մեկինը չէինք, մերն էինք ու մեր շահերն էինք առաջ մղում, ինչը նրանց սրտով չէր: Իմ նպատակը 2018-ին ամեն գնով իշխանությունը պահելը չէր, այլ Արցախը պահելն էր, ինչը նշանակում է՝ Հայաստանի անվտանգությունն ապահովելը:

Ես վարչապետի պաշտոնում առաջադրվեցի միայն ու միայն Արցախի բանակցային գործընթացում մեր ամրացած դիրքերն ավելի առաջ տանելու և այսօրվա ողբերգությունից խուսափելու համար: Մի՞թե պարզ չէր, որ Արցախի հարցի անբարենպաստ լուծումը չափազանց թանկ է արժենալու Հայաստանի համար: Ես դրանում վստահ էի, մինչդեռ ինձ մեղադրեցին իշխանությունը հավերժ պահելու ցանկության մեջ և ամեն ինչ արեցին հեռացնելու համար:

Ինձ այսօր հարցնում են՝ ինչո՞ւ ուժ չկիրառեցի ցուցարարների նկատմամբ: Ասել եմ և կրկին կասեմ՝ հեշտ է հետահայաց մեծ-մեծ խոսելը, հեշտ է 2018-ին իմ կողմից ուժ չկիրառելու արդյունքում այդ օրերի քաոսից անցնցում դուրս գալը սկզբում համարել ճիշտ, այնուհետև տեսնելով հետևանքները, փոխել կարծիքը և համարել սխալ:

«Ինչո՞ւ եղավ այս պատերազմը, և ինչպիսի՞ բանակցային ժառանգություն էինք թողել մենք այս անհայրենիք ապիկարներին»

Կրկնում եմ այն, ինչ բազմիցս հայտարարել եմ. ես մշտապես կողմնակից եմ եղել փոխզիջումային տարբերակի հիման վրա Արցախյան խնդրի խաղաղ կարգավորմանը՝ մեզ և միջազգային հանրության համար ընկալելի կարմիր գծերի շրջանակներում: Այդ կարմիր գիծը, որ գծվել է հայ ժողովրդի արյամբ և արժանապատվությամբ` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: Ես տասը տարի անընդմեջ բանակցել եմ մի գերագույն սկզբունքի հիման վրա, այն է` ոչ թե ի՞նչ ենք մենք տալու, այլ ի՞նչ ենք ստանալու: Բանակցային բոլոր փաստաթղթերում մենք հետևողականորեն զարգացրել ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը վերաբերող մեխանիզմների, գործընթացների և միջազգային երաշխիքների կենսական մանրամասները: Ես թողել եմ բանակցային այնպիսի փաթեթ, որտեղ հայ ժողովրդի կենսական շահերը պաշտպանված էին, որտեղ Արցախի հայկական մնալը երաշխավորված էր, այն ընդունելի էր միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար

[…] կարող եմ ուղիղ պատասխանել մեր ժողովրդին հուզող ևս երեք հարցերի.

– Հնարավո՞ր էր կանխել այս պատերազմը:

– Այո, այս պատերազմը հնարավոր էր կանխել:

-Եթե, այնուամենայնիվ, ռազմական գործողություններ սկսվեին, հնարավո՞ր էր պատերազմում խուսափել այսքան կորուստներից:

– Այո, այսպիսի ծանր կորուստներից հնարավոր էր խուսափել:

-Հնարավո՞ր էր նոյեմբերի 9-ից հետո չեզոքացնել նոր սպառնալիքները:

-Այո, հնարավոր էր: Օրինակ, բանավոր պայմանավորվածություններով տարածքային զիջումները թուլամորթություն էին, նոյեմբերի 9-ի հայտարարության՝ գերիների հետ կապված 8-րդ կետի կատարմանը չհասնելը և պատասխանատվությունից խուսափելու նպատակով նրանց բոլորին դասալիք անվանելը՝ տմարդություն, իսկ զինադադարի պայմաններում ութսունից ավելի նոր գերիների դեպքերը՝ անճարակության արդյունք:

Կա՞ր արդյոք դավաճանություն

Մեկ այլ կարևոր հարց, որ հուզում է հայ հասարակությանը, հետևյալն է` կա՞ր արդյոք դավաճանություն:

Այո, կար, քանզի դավաճանական աստիճանի տգետ էին, դավաճանական աստիճանի թեթևսոլիկ, դավաճանական աստիճանի կույր և խուլ, դավաճանական աստիճանի անհայրենիք ու ապազգային և միաժամանակ դավաճանական աստիճանի մեծամիտ և հպարտ: Ես վստահ եմ, որ Արցախյան երրորդ պատերազմի մասին ողջ ճշմարտությունը դեռ դուրս է գալու ջրի երես, և պետական հանցագործները կրելու են իրենց հասանելի ամենաարժանի պատիժը: Միայն այդ դեպքում Եռաբլուրում, Հայաստանի և Արցախի բազմաթիվ բնակավայրերի մյուս գերեզմանատներում ննջող մեր զավակների, եղբայրների ու հայրերի վրեժը մասամբ հատուցված կլինի: Հայրենի հողում նրանց հավերժացնող շիրմաքարերի ծանրությունը մի փոքր կթեթևանա, իսկ նրանց կորուստը սգացողների արցունքներն այսքան դառնահամ չեն լինի:

Սերժ Սարգսյանի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ։

Մեկնաբանել