Ղազախական իրադարձությունները և Հայաստանը․ ինչ կարող էր (չ)անել Երևանը

ղազախստան բողոքի ցույցեր TOPSHOT - Protesters take part in a rally over a hike in energy prices in Almaty on January 5, 2022. - Kazakhstan on January 5, 2022 declared a nationwide state of emergency after protests over a fuel price hike erupted into clashes and saw demonstrators storm government buildings. (Photo by Abduaziz MADYAROV / AFP) (Photo by ABDUAZIZ MADYAROV/AFP via Getty Images)

Մինչ աշխարհը նախապատրաստվում էր հունվարի 10-ին մեկնարկած ԱՄՆ – Ռուսաստան և հունվարի 12-ին նախատեսված ՆԱՏՕ – Ռուսաստան բանակցություններին, իսկ փորձագիտական և ակադեմիական շրջանակները փորձում էին գնահատել Ուկրաինայում մոտ ապագայում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը, իրավիճակը կտրուկ սրվեց Ղազախստանում: Հսկայական տարածք, նավթ, ուրան ու այլ օգտակար հանածոների պաշարներ և 19 միլիոն բնակչություն ունեցող այս պետությունը կայունության կղզյակի ընկալում ուներ, իսկ 2019-ին նախագահական իշխանության փոխանցումը Նազարբաևից Տոկաևին համարվում էր ավտորիտար համակարգերում իրականացված անցնցում իշխանափոխության լավագույն օրինակ:

Ղազախական հրաշքը փլուզվեց 2022-ի առաջին օրերին, երբ հեղուկ գազի թանկացման դեմ սկսված բողոքները շատ արագ վերածվեցին արյունալի բախումների, պետական շենքերի հրկիզումների և ուժային համակարգի ներկայացուցիչների վրա հարձակումների: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառների վերաբերյալ ամենատարբեր վարկածներ են առաջ քաշվել, սկսած Տոկաև – Նազարբաև հակամարտությունից և գյուլենական շարժման կազմակերպած հեղաշրջման փորձից մինչև իսլամական ահաբեկիչների կողմից Ղազախստանը երկրորդ Աֆղանստանի վերածելու փորձերի: Անկախ այս զարգացումների իրական դրդապատճառներից, դրանք արդեն էականորեն փոխել են Ղազախստանի ներքաղաքական կյանքը: Նազարբաևը հեռացվել է անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնից, պետական դավաճանության մեղադրանքով ձեբակալվել է Ղազախստանի նախկին վարչապետ, Նազարբաևի ամենահավատարիմ գործչի համարում ունեցող Քարիմ Մասիմովը: Նա 2016-ից զբաղեցնում էր Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի նախագահի պաշտոնը, և պաշտոնակ արվեց 2022-ի հունվարի 5-ին:

Հայաստանի համար Ղազախստանի իրադարձություններն առանձնահատուկ նշանակություն ձեռք բերեցին հունվարի 5-ին, երբ նախագահ Տոկաևը օգնության խնդրանքով պաշտոնապես դիմեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Հետաքրքիր զուգադիպությամբ Հայաստանը 2022-ի հունվարի 1-ից ստանձնել է ՀԱՊԿ-ի նախագահությունը, և պաշտոնապես Տոկաևի խնդրանքին արձագանքելու խնդիրը դրված էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա: Հասկանալի է, որ Հայաստանի վարչապետի դերը զուտ արարողակարգային էր, և ամենայն հավանականությամբ, նախքան օգնության մասին հրապարակային դիմումը, Տոկաևն արդեն ստացել էր Ռուսաստանի նախագահ Պուտինի համաձայնությունը Ղազախստան ՀԱՊԿ զորքեր ուղարկելու վերաբերյալ: Պատահական չէ, որ ՀԱՊԿ-ը գործեց գերօպերատիվ, և Տոկաևի դիմումից ընդամենը մի քանի ժամ անց ընդունվեց որոշում Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր գործուղելու վերաբերյալ: Հայաստանը ոչ միայն կողմ արտահայտվեց այս քայլին, այլև կառավարության հունվարի 6-ի որոշմամբ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ՀԱՊԿ միավորման կազմում մեկնեցին Ղազախստան:

Հասկանալի է, որ Հայաստանը չէր կարող դեմ քվեարկել ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր Ղազախստանում տեղակայելու որոշմանը, սակայն կառավարությունը ուներ բոլոր հիմքերը հրաժարվելու հայկական զինված ուժերի ներկայացուցիչներին Ղազախստան ուղարկելուց: Որպես անառարկելի փաստարկ կառավարությունը կարող էր օգտագործել դեռևս 2021-ի մայիսից շարունակվող ՀՀ տարածքի մի մասի օկուպացիան Ադրբեջանի կողմից՝ հայտարարելով, որ քանի դեռ Հայաստանը ենթարկվում է ագրեսիայի, ՀՀ զինված ուժերը չեն կարող Հայաստանից դուրս որևէ գործողության մասնակցել:

Անկախ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների իրական պատճառներից՝ ներքին և արտաքին մասնակիցների ներգրավման աստիճանից, արևմտյան քաղաքական և վերլուծական շրջանակները Ղազախստան ՀԱՊԿ-ի ուժեր ուղարկելու որոշումը դիտարկում են ավտորիտարիզմի և ժողովրդավարության պայքարի համատեքստում: Նրանք հստակ հայտարարում են, որ սրանով Ռուսաստանը հերթական փորձն է անում բռնի ուժով ճնշելու հետխորհրդային տարածքում ժողովրդավարական ուժերի պայքարը և միաժամանակ բավարարում է սեփական նեոկայսերապաշտական նկրտումները՝ փաստացի օկուպացնելով հետխորհրդային ևս մեկ հանրապետություն: Ղազախստան ՀԱՊԿ ուժերի տեղակայումը համեմատվում է 1956 թ. Բուդապեշտ և 1968 թ. Պրահա խորհրդային զորքերի ներխուժման հետ:

Այս համատեքստում Հայաստանն Արևմուտքում ընկալվում է որպես ռուսական ավտորիտարիզմի և նեոկայսերապաշտական նկրտումների շահերը սպասարկող պետություն, որը փաստացի հրաժարվել է 2018-ին ստեղծված պետական համակարգի ժողովրդավարացման շանսից: Ադրբեջանը ևս ակտիվորեն գործի է դրել իր լոբբիստական կարողությունները՝ այս ընկալումը Արևմուտքում հնարավորինս տարածելու նպատակով: Ադրբեջանի հաշվարկը շատ պարզ է. Հայաստանը կատարել է իր ընտրությունը և դարձել ավտորիտար և կայսերապաշտ Ռուսաստանի շահերը հլու հնազանդ սպասարկող գործիք, հետևաբար այն արժանի չէ արևմտյան այն շրջանակների աջակցությանը, որոնք աշխարհաքաղաքական շահերին զուգահեռ հակված են արտաքին քաղաքականության մեջ որոշակի տեղ հատկացնել նաև արժեքային բաղադրիչին: Իսկ եթե Հայաստանին և Ադրբեջանին ԱՄՆ-ը և Արևմուտքն ընդհանրապես պետք է վերաբերվի բացառապես աշխարհաքաղաքական տեսանկյունից, ապա ակնհայտ է, որ այդ առումով Ադրբեջանը Արևմուտքի համար շատ ավելի կարևոր պետություն է, քան Հայաստանը:

Իհարկե, կլինեն փորձագետներ, որոնք կպնդեն, որ Հայաստանը պարզապես չէր կարող զորքեր չուղարկել Ղազախստան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2020-ի նոյեմբերից հետո Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից ավելացել է բազմակի անգամ: Համաձայն այդ տեսակետի, եթե Հայաստանը չմասնակցեր ՀԱՊԿ-ի առաքելությանը, ապա Ռուսաստանը թույլ կտար ադրբեջանական զինված ուժերին մտնել Ստեփանակերտ և ոչնչացնել այնտեղ բնակվող տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներին: Նույն տրամաբանությամբ, բացի Արցախի ոչնչացումից, Ռուսաստանը թույլ կտար նաև ադրբեջանական զորքերին օկուպացնել Սյունիքի մարզի մի մասը և ուժով բացել «Զանգեզուրի միջնացքը»: Հետևաբար, արցախահայերի վերջնական ոչնչացումը և Սյունիքի մարզի օկուպացիան կանխելու միակ հնարավորությունը Հայաստանի կողմից Ռուսաստանի բոլոր քմահաճույքների կատարումն է:

Սակայն այս մտավարժանքները պարզագույն մանիպուլյացիա են: Ռուսական զորքերը Արցախում տեղակայվել են ոչ թե ելնելով Հայաստանի գործող կառավարության կամ հայ ժողովրդի հանդեպ տածած անսահման սիրուց, այլ որովհետև Արցախում ռուսական զորքերի ներկայությունը համապատասխանում է Ռուսաստանի շահերին: Եթե նույնիսկ վաղը Հայաստանի վարչապետը պահանջի դուրս բերել ռուսական խաղաղապահներին Արցախից և հայտատարի, որ արցախահայերը պատրաստ են վերցնել ադրբեջանական անձնագրեր և գոհ ու երջանիկ ապրել քաղաքակիրթ Ալիևի իշխանության ներքո, ռուսական զորքերը Արցախից դուրս չեն գա:

Նույնը վերաբերում է Սյունիքի մարզի հնարավոր օկուպացիային և «Զանգեզուրի միջանցքի» ուժով բացմանը: Եթե մինչև հիմա ադրբեջանական զորքերը չեն օկուպացրել Սյունիքի մարզի մի հատվածը, դրա պատճառը ոչ թե Ռուսաստանի իշխանությունների մոտ հայ ժողովրդի կամ ՀՀ գործող վարչապետի հանդեպ առկա խորը զգացմունքներն են, այլ այն հանգամանքը, որ Ռուսաստանը ցանկանում է ինքը վերահսկել Հայաստանի տարածքով Ադրբեջանը Թուրքիային կապող ճանապարհները՝ դա համարելով արդյունավետ ազդեցության լծակ թե՛ Ադրբեջանի և թե՛ Թուրքիայի նկատմամբ:

Հետևաբար կարող ենք պնդել, որ Ղազախստան զորքեր ուղարկելու որոշումը էական վնաս կհասցնի ՀՀ իմիջին և դիրքին Արևմուտքում, որը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում էական խնդիրներ կստեղծի առանց այդ էլ անվտանգային սարսափելի մարտահրավերների առջև կանգնած Հայաստանի համար:

Մեկնաբանել