«Հիշողությունը չափազանց քիչ է բառերի համար»․ ֆիլմ՝ Դինքի սպանության տարելիցին ընդառաջ

Պոլսի «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 15-րդ տարելիցին ընդառաջ թողարկվել է «Հիշողությունը չափազանց քիչ է բառերի համար» ֆիլմը։

«Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր, հեղինակ Ումիթ Քըվանչի ֆիլմը (անգլերեն ենթագրերով) Հրանտ Դինքի խոսքերը փոխակերպում է գույների, ձևերի և հնչյունների, դիտողին առերեսում է «համակարգի սխալների» հետ, որոնց պատճառով Հրանտ Դինքի և նրա խոսքերի համար տարածք չգտնվեց»,- ֆիլմի մասին նշում է «Հրանտ Դինք» հիմնադրամը։

Ֆիլմում կարելի է տեսնել Դինքի խանդավառությունը, որն էլ նրան ի վերջո թիրախ դարձրեց, Դինքի ձայնով լսել Թուրքիայի ու աշխարհի մասին նրա երազանքները։

Ժապավենը հասանելի է «Հրանտ Դինք» հիմնադրամի կայքում և YouTube-ի ալիքում։

Հրանտ Դինքը սպանվել է 2007-ի հունվարի 19-ին՝ «Ակօս» խմբագրատան առջև։ ՍիվիլՆեթը 2017-ին ֆիլմ էր պատրաստել՝ «Հրանտ Դինք․ ազգային համաձայնության սպանություն» խորագրով։ Նկարահանումներն իրականացվել են Պոլսում, ՍիվիլՆեթը զրուցել է փաստաբանների, լրագրողների և Դինքի ընկերների հետ՝ փորձելով հասկանալ սպանության պատճառները և հետևանքները Թուրքիայի համար։