Ալավերդի․ բժշկական կենտրոնի վիրաբույժի անփութությունն ու տնօրենի բիզնես շահերը

Սուր քարային խոլեցիստիտով հիվանդ ալավերդցի Գոհար Հովհաննիսյանին տասներեք օրվա ընթացքում վիրահատել են հինգ անգամ: Գոհար Հովհաննիսյանի լեղապարկի առաջին երկու վիրահատությունները կատարել է «Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վիրաբույժ Գարիկ Դավիթավյանը: Գոհարին երեք անգամ վիրահատել է նաև Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբույժ Արա Վարդանյանը: Գոհարի զավակները՝ Արմեն և Քրիստինե Վարդանյանները, պնդում են, որ առաջին վիրահատության ժամանակ վիրաբույժ Դավիթավյանը լապարասկոպիկ սարքը օգտագործելիս երկու տեղից ծակել է մոր բարակ աղին, ինչը հաստատում են ՍիվիլՆեթին նրանց տրամադրած լուսանկարները, որոնք արել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբույժ Արա Վարդանյանը։ Հարազատների խոսքով՝ վիրաբույժ Դավիթավյանը Գոհար Հովհաննիսյանի առաջին վիրահատությունը սկսել է լապարասկոպիկ եղանակով, ապա անցել է բաց վիրահատության:

Պետպատվերով պլանային վիրահատություն

Արմեն Վարդանյանը Նոյեմբերյանի Կոթի գյուղը ադրբեջանական դիրքերից պաշտպանող պայմանագրային զինծառայող է: Որդու զինվորական արտոնությունից օգտվելով՝ սոցիալապես անապահով Գոհար Հովհաննիսյանը նախորդ տարի դիմել էր Ալավերդու բժշկական կենտրոն՝ պետպատվերով վիրահատվելու համար: Նրան վիրահատության են կանչել հոկտեմբերի 11-ին: Ըստ բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանի հոկտեմբերի 19-ի թիվ 1670/308 էպիկրիզի՝ վիրահատությունից առաջ՝ հոկտեմբերի 8-10-ին, հետազոտված Գոհար Հովհաննիսյանի արյան մեջ հեմոգլոբինը կազմել է 138գ/լ, էրիտրոցիտները եղել են 4,2, լեյկոցիտները՝ 6,1, կրեատինինը՝ (ազոտը) 102,0 մկմոլ/լ, ընդհանուր բիլիռուբինը՝ 13,4մկմոլ/լ, գլյուկոզան՝ 5,6, պրոդրոմինի ինդեքսը՝ 84 տոկոս: Սոնոգրաֆիայով լեղապարկը լցված է եղել բազմաթիվ քարերով:

Գոհար Հովհաննիսյանի վիճակը վիրահատությունից հետո

Հարսի՝ Անուշ Ամիրաղյանի խոսքով՝ վիրահատության առաջին երկու օրերին Գոհարը ակտիվ չի եղել: Երրորդ օրը տեսակցության եկած Քրիստինեն նկատել է, որ մայրը կերածը հետ է տալիս, ուժեղ գլխացավեր ունի, ճնշումը տատանվում է, ռեակցիան թույլ է: Այդ մասին Քրիստինեն հոկտեմբերի 14-ին հայտնել է վիրաբույժ Դավիթավյանին, որն էլ անուշադրության է մատնել ահազանգը:

«Լավ է ձեր մայրը, քայլում է, հաջորդ օրը դուրս կգրենք»,- պատասխանել է նա:

Գոհար Հովհաննիսյանի դուստրը՝ Քրիստինեն

Հոկտեմբերի 14-ին հանվել է Գոհարի որովայնի դրենաժային խողովակը, իսկ հոկտեմբերի 15-ին նրան դուրս են գրել հիվանդանոցից: «Հոկտեմբերի 15-ին սկեսուրս ոտքի վրա երկար չէր կարողանում կանգնել, բայց բժիշկ Դավիթավյանը դուրս գրեց նրան»,- ասում է Անուշը: Հոկտեմբերի 15-ին նստած վիճակում Գոհարի՝ հանված դրենաժային խողովակի որովայնի անցքից սկսվել են լեղու, կղանքի և ջրի հոսքեր: Անուշը պատմում է, որ հերթապահ բուժքույրը որովայնի անցքի շրջակայքը մաքրելուց հետո Գոհարին հանգստացրել է, թե՝ նորմալ է ամեն ինչ: Հիվանդանոցից դուրս գրվելու նույն օրվա գիշերը՝ ժամը 12։00-ի սահմաններում, Գոհարի մոտ որովայնային սուր ցավեր են սկսվել:

Վիրաբույժ Դավիթավյանը հիվանդանոցից դուրս է գրել պերիտոնիտի ախտանիշներով հիվանդին

Հոկտեմբերի 16-ի կեսգիշերին՝ ժամը 1։00-ին, շտապ օգնության մեքենայով Գոհարին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ կատարված սոնոգրաֆիայով նրա մոտ ախտորոշվել է պերիտոնիտ:

Ըստ Մոսինյանի էպիկրիզի՝ մինչև երկրորդ վիրահատությունը Գոհար Հովհաննիսյանի մոտ կրեատինինը (ազոտը) 102.0մկմոլ/լ –ից չորս օրվա ընթացքում բարձրացել է 285 մկմոլ/լ-ի: Վիրաբույժ Դավիթավյանը այդ պահին Գոհարի մոտ գտնվող միակ հարազատին՝ Անուշին, հայտնել է, որ սկեսուրին անհետաձգելի կարգով երկրորդ անգամ է վիրահատելու, քանի որ առաջին վիրահատության ժամանակ աղիքը ծակվել էր:

Երկրորդ վիրահատությունից հետո բժիշկ Դավիթավյանը Անուշին տեղյակ է պահել, որ սկեսուրի վիճակը շատ ծանր է: Ըստ վերոնշյալ էպիկրիզի՝ բժիշկ Դավիթավյանը երկրորդ վիրահատության ժամանակ Գոհարի մոտ ախտորոշել է աղիճ աղու տրոֆիկ խոց պերֆորացիայով, տարածուն լեղաֆիբրինային պերիտոնիտ, ուղեկցվող երիկամային անբավարարություն: Կատարվել է պերֆորատիվ անցքի կարում, որովայնային խոռոչի դրենավորում: Քրիստինեն հիշում է, որ Դավիթավյանը երկրորդ վիրահատությունից հետո իրեն բացատրում էր, թե մայրը ուղիղ աղիքի վրա խոցեր է ունեցել՝ «էդպես էլ տարել եք տուն՝ պայթել է»։ «Բայց նա երկու անգամ վիրահատել է մորս, թող լուծեր այդ խոցերի հարցը»,- ասում է Քրիստինեն:

Բժիշկը խաբել է հիվանդի հարազատներին

Արմեն Վարդանյանի խոսքով՝ առաջին վիրահատությունից հետո բժիշկ Դավիթավյանը իրեն հայտնել է, թե լեղապարկը հեռացնելիս մոր լյարդից մի փոքր հատված է պոկվել, որի արյունահոսությունը թույլ չտալու համար կարել է այն:

Արմենի ասելով՝ այս փաստը հերքվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ «Ես հիվանդի լյարդի վրա որևէ կար չեմ տեսել»,- Արմենին ասել է վիրաբույժ Արա Վարդանյանը: Երկրորդ վիրահատությունից հետո բժիշկ Դավիթավյանը ճարահատյալ՝ Արմենին խոստովանել է, որ առաջին վիրահատության ժամանակ մոր աղիքը ծակված է եղել: «Հետն էլ բացատրեց, թե երևի աղիքը բարակած է եղել, հնարավոր է՝ հիվանդանոց բերելիս ճանապարհին է ծակվել»,- պատմում է Արմենը:

«Ես վիրաբույժ Դավիթավյանին ասացի՝ մամայիս դու ես այս վիճակին հասցրել, դու էլ քո ծախսերով նրան կտանես Երևան՝ բուժման»,- պատմեց Քրիստինեն։

Գոհար Հովհաննիսյանին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն

Հոկտեմբերի 19-ին հարազատների ճնշմամբ վիրաբույժ Գարիկ Դավիթավյանը և անեսթեզիոլոգ Հովիկ Ավետիսյանը ծայրահեղ ծանր վիճակում Գոհար Հովհաննիսյանին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ, Քրիստինեի ասելով, վիրաբույժ Դավիթավյանը վճարել է 800 հազար դրամ Գոհարի բուժման համար։

«Ո՞նց կարող էր նա վճարել այդ գումարը, եթե վստահ չլիներ, որ մորս ծանր վիճակը իր խոտան վիրահատության արդյունքն է»,- ասում է Քրիստինեն: Վիրաբույժ Արա Վարդանյանը Արմենին և Քրիստինեին հայտնել է իրենց մոր ծայրահեղ ծանր վիճակի մասին: «Ասաց՝ 99 տոկոսով մայրս չի ապրի, մեկ տոկոս է ապրելու երաշխիքը»,- հիշում է Քրիստինեն:

Էրեբունիում բժիշկը Գոհարին երրորդ անգամ վիրահատելու համաձայնություն է պահանջել հարազատներից: Քրիստինեի խոսքով՝ մեկ տոկոսի հույսով մոր երրորդ վիրահատության համաձայնություն են տվել: Մեկ ժամ տևած վիրահատությունից հետո վիրաբույժ Վարդանյանը հարազատներին ցույց է տվել Գոհարի մասնահատված բարակ աղին: «Բարակ աղու մեկ անցքը Դավիթավյանը կարել էր, բայց այդ մասին մեզ ոչինչ չէր ասել»,- հայտնեց Քրիստինեն:

Վիրաբույժ Վարդանյանը նկարահանել է իր կատարած երրորդ վիրահատության ընթացքը և Գոհար Հովահաննիսյանի որովայնում տիրող վիճակի տեսանյութը ցույց է տվել Արմենին և Քրիստինեին: Արա Վարդանյանը նաև հարազատներին բացատրել է, որ մինչև լեղապարկի առաջին վիրահատությունը Գոհարի լյարդը, պանկրեատը, փայծաղը և երիկամները լավ վիճակում են եղել: Երրորդ վիրահատությունից հետո Արա Վարդանյանը Գոհար Հովհաննիսյանի մոտ ախտորոշել է բարակ աղու պերֆորացիաներ (անցքեր), տարածուն կղանքաթարախային պերիտոնիտ, որովայնի առաջային պատի ֆլեգմոնա:

Արա Վարդանյանը Գոհարի մասնահատված բարակ աղին պաթոհյուսվածքաբանական հետազոտության է ուղարկել Դավիդյանց լաբորատորիաների պաթոլոգիայի լաբորատորիա: Թիվ 11881/21 պաթոհյուսվածքաբանական հետազոտության ախտորոշմամբ՝ Գոհար Հովհաննիսյանի բարակ աղու նմուշներում հայտնաբերվել է ակտիվ (ֆիբրինոզ-թարախային) բորբոքում՝ մեռուկի տեղամասերով, մասնահատված ճարպոն՝ մեռուկի, ակտիվ (ֆիբրինոզ թարախային) բորբոքում հյուսվածաբանական բնութագրերով: Այս ախտորոշմամբ էլ հիվանդը հոկտեմբերի 24-ին մահացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

ՍիվիլՆեթը կապ հաստատեց Արա Վարդանյանի հետ, վերջինս խորհուրդ տվեց Գոհար Հովհաննիսյանի մահվան մանրամանսների մասին ավելի հանգամանալից տեղեկանալու համար գրավոր դիմել «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրինությանը: ՍիվիլՆեթի՝ հունվարի 10-ի գրավոր հարցմանը կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը գրավոր հրաժարվել է պատասխանել:

Ալավերդու հիվանդանոցը խուսափում է պատասխաններ տալուց

Մոսինյանի էպիկրիզում Գոհար Հովհաննիսյանի երկրորդ վիրահատությունից հետո նշված «տրոֆիկ խոց» ախտորոշումը վիճահարուց է: Այստեղ իր եզրակացությունը պետք է տա փորձագետը:

Հոդվածում բերված փաստերի մասին ՍիվիլՆեթը փորձեց զրուցել վիրաբույժ Դավիթավյանի հետ: «Միայն գրավոր»,- նրա փոխարեն պատասխանեց ԲԿ-ի փոխտնօրեն, անեսթեզիոլոգ Հովիկ Ավետիսյանը:

ՍիվիլՆեթի՝ դեկտեմբերի 21-ի գրությանը Ալավերդի բժշկական կենտրոնից նույնպես չպատասխանեցին՝ պատճառաբանելով, թե «ձեռագիր է գրված գրությունը»:

Թեև Գոհար Հովհաննիսյանի մահից անցել է երեք ամիս, ալավերդցիները չեն մոռացել բժշկական սխալների զոհ դարձած այս կնոջ պատմությունը: Վիրահատության այս դեպքից հետո մարդիկ ոչ միայն բժշկական կենտրոնի, այլև ԲԿ տնօրեն Մոսինյանի՝ դագաղի և դիահերձարանի բիզնեսի մասին հեգնանքով են խոսում:

Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրենը՝ դագաղի բիզնեսի մենաշնորհատեր

Մոսինյանը բժշկական կենտրոնի ախտաբանա-անատոմիական բաժանմունքի դարպասի մուտքից ավտոմեքենայով դիակը դիահերձարանի մոտքին մոտեցնելու համար հինգ հազար դրամ վճար է սահմանել: Դիահերձարանը դարպասից հազիվ հինգ մետր է հեռու:

Դիահերձարանի մուտքը

Չվճարելու դեպքում հարազատները դիակը ձեռքով են տեղափոխում դիահերձարան: Ալավերդու բժշկական կենտրոնը, այդ թվում՝ կենտրոնի ախտաբանա-անատոմիական բաժանմունքը, 100 տոկոսով պետական սեփականություն են և աշխատում են Լոռու մարզպետարանի ենթակայությամբ:

Չես վճարել՝ ձեռքով տար դագաղը

Բաժանմունքը սպասարկում է տարածաշրջանի 31 բնակավայրեր: Հունվարի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, դիահերձարանի դարպասի մոտ ինձ մոտեցան մի խումբ ալավերդցիներ. «Զոքանչիս ենք բերել հերձման, 92 տարեկան է: Դարպասի դուռը մեր ավտոմեքենայի առաջ չբացեցին, հանգուցյալին ձեռքով ենք տարել դիահերձարան»,- ասաց ալավերդցի Սամվել Սիմոնյանը: Վերջինս զոքանչի դագաղը Մոսինյանի սգո սրահից չէր գնել և չէր վճարել դիահերձարան դիակի մուտքի հինգ հազար դրամը: «Ձեռքով էլ դիակը պետք է տեղափոխենք ավտոմեքենա»,- դժգոհեցին հանգուցյալի հարազատները:

Ալավերդցիները գտնում են, որ վաղուց ժամանակն է՝ Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում Մոսինյանին փոխարինի բնակչության առողջության համար հոգացող մասնագետ:

Լարիսա Փարեմուզյան, Ալավերդի

Մեկնաբանել