Հունվարի 23-ին նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ որոշել է հրաժարական տալ իր պաշտոնից։ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով, հրաժարականը համարվում է ընդունված՝ օրենքով սահմանված կարգով այն հրապարակելու պահից: ՍիվիլՆեթը պարզաբանում է, թե ինչպես են Սահմանադրութունն ու «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը կարգավորում նախագահի ընտրության հարցը։
- Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն,
- Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը,
- Նախագահին ընտրելու է Ազգային ժողովը,
- Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը,
- Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը,
- Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները,
- Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը,
- Եթե այս անգամ էլ նախագահ չընտրվեց, ապա անցկացվում է երրորդ փուլը,
- Երրորդ փուլին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները,
- Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը,
- Երրորդ փուլում էլ նախագահ չընտրելու դեպքում՝ տասնօրյա ժամկետում պետք է անցկացվի նոր ընտրություն,
- Արտահերթ ընտրության դեպքում Հանրապետության նախագահի թեկնածուները կարող են առաջադրվել Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ հնգօրյա ժամկետում,
- Թեկնածու չեն կարող առաջադրվել դատավորները, դատախազները, քննչական կոմիտեի, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները, ոստիկանությունում, ազգային անվտանգությունում, դատական ակտերի հարկադիր կատարման, փրկարարական, հարկային, մաքսային մարմիններում, քրեակատարողական ծառայությունում ծառայողները, զինծառայողները,
- Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, որը արտահերթ ընտրության դեպքում գումարվում է Հանրապետության նախագահի ընտրվելուց հետո՝ տասներորդ օրը:
Գևորգ Թոսունյան