Արմեն Սարգսյանի քաղաքացիության վերաբերյալ «Հետք»-ի հրապարակումն ուղարկվել է ԱԱԾ

Դատախազությունը Արմեն Սարգսյանի՝ մինչև նախագահ դառնալը այլ երկրի քաղաքացի լինելու մասին «Հետք»-ի հրապարակումն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեցին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Ըստ դատախազության` հրապարակումն ԱԱԾ է փոխանցվել՝ նկատի ունենալով, որ Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու դեպքի առթիվ դեռևս 2021-ի ապրիլին հարուցվել է քրեական գործ՝ փաստաթղթեր կեղծելու հատկանիշներով: Հրապարակումը հենց այս գործի շրջանակում կդառնա ստուգման առարկա:

«Արմեն Սարգսյանի ստերի բուրգը փլվեց. նախագահը ստիպված է հրաժարական տվել» վերնագրով «Հետք» պարբերականի Էդիկ Բաղդասարյանը և Սամսոն Մարտիրոսյանը հետաքննական հոդված էին հրապարակել՝ պնդելով, որ նախագահի պաշտոնից Արմեն Սարգսյանի հրաժարականի պատճառը մեկն է՝ նա այլ երկրի քաղաքացի էր առնվազն մինչև նախագահ դառնալը: Ըստ Սահմանադրության՝ ՀՀ նախագահ կարող է դառնալ վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող անձը։