Փաշինյանի հնչեցրած թվերի ճիշտն ու սխալը

Հովհաննես Նազարեթյան

Հունվարի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին, անդրադարձավ նաև Հայաստանի տնտեսական վիճակին՝ հնչեցնելով պնդումներ տնտեսական ցուցանիշների վերաբերյալ։

2019-ի ՀՆԱ-ի աճ

Ասուլիսի ժամանակ Փաշինյանը պնդեց, որ Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը 2019-ին ամենաբարձրն է եղել եվրոպական տարածաշրջանում։

«Ես ուզում եմ հիշեցնել բոլորիս, որ 2019-ին Հայաստանը եվրոպական տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական աճ արձանագրած երկիրն էր»,- ասաց Փաշինյանը։

2019-ին Հայաստանը գրանցել է ՀՆԱ-ի 7,6 տոկոս աճ։ Համաշխարհային բանկի կայքում ՀՆԱ-ի աճի մասին հասանելի համապարփակ տվյալների համաձայն՝ դա աշխարհի երկրների ցանկում 8-րդ ամենաբարձր աճի ցուցանիշն էր։ Եվրոպայի միայն մի երկիր էր մոտ Հայաստանի ցուցանիշին՝ Մոնակոն, որը քաղաք-պետություն է։ Այնտեղ գրանցվել էր 7,5% աճ։ Մոնակոյից հետո եվրոպական պետությունների շարքում առաջատարն էին Մալթան (5,5%), Կիպրոսը (5,3%), Իռլանդիան (4,9%), Կոսովոն (4,8%) և Լեհաստանը (4,7%)։ Վրաստանի ՀՆԱ-ն այդ տարի աճել էր 5 տոկոսով, իսկ Ադրբեջանինը՝ 2,5 տոկոսով։

Հայաստանը նաև առաջատարն էր ԵԱՏՄ երկրների ցանկում։ Ղրղզստանում գրանցվել էր 4,6%, Ղազախստանում՝ 4,5%, Ռուսաստանում՝ 2%, իսկ Բելառուսում՝ 1,4% աճ։

Այսպիսով, Փաշինյանի պնդումը ճիշտ է։

Գնաճը՝ գլոբալ երևույթ

Խոսելով Հայաստանում գնաճի տեմպերի մասին՝ Փաշինյանը պնդեց, որ դա գլոբալ երևույթ է։

«Տեսեք, խոսք է գնում գնաճի մասին։ Էնպիսի տպավորություն է, որ Հայաստանում Է գնաճ […]։ Էսօր էն գնաճային երևույթները, որ կան ընդամենը գլոբալ գնաճային երևույթների արձանագրում են։ Էսօր աշխարհում չկա մի երկիր, մի երկիր, որը նախատեսվածից ավելի գնաճեր չունի։ Էսօր գնաճը գլոբալ պրոբլեմ է»,- հայտարարեց Փաշինյանը։

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 2021-ի նոյեմբերին սպառողական գների ինդեքսը 9,6 տոկոսով ավել է եղել նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ։

Նմանատիպ բարձր գնաճ է գրանցվել աշխարհի մի շարք երկրներում։ Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տվյալների բազայում առկա տվյալների՝ տարածաշրջանի երկրներում գնաճի հետևյալ ցուցանիշներն են գրանցվել․ Թուրքիայում՝ 36 տոկոս, Վրաստանում և Մոլդովայում՝ 14 տոկոս, Բելառուսում՝ 10,5 տոկոս, Ռուսաստանում՝ 8,4%։ ԵԱՏՄ մյուս գործընկեր երկրներից Ղազախստանում՝ 8,9%, Ղրղզստանում՝ 9,7%։

Այսպիսով, առնվազն մեր տարածաշրջանում գնաճի տեմպերը, իրոք, բարձր են և սահամանափակված չեն միայն Հայաստանով։

2019-ի պարենի գնանկում

Ասուլիսի ժամանակ Փաշինյանը նաև պնդեց, որ 2019-ին Հայաստանի պարենի գնանկում է եղել։

«Իմիջայլոց, նույն 2019-ին էդ նույն միջազգային կազմակերպությունների արձանագրմամբ՝ ամբողջ աշխարհում պարենի թանկացում Է տեղի ունեցել, Հայաստանում՝ պարենի գնանկում։ Սա ինչի՞ շնորհիվ, որ մենք 2018-19 թվականների մենաշնորհների հարցը լուծել ենք»,- ասաց նա։

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանում 2019-ի դեկտեմբերին 2018-ի դեկտեմբերի համեմատ «սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչք» տողում ընդգրկված ապրանքների շրջանում եղել է 0,3 տոկոսի գնանկում։ Իսկ 2019-ի հունվար-դեկտեմբերին՝ 2018-ի հունվար-դեկտեմբերի (տարեկան միջին) նկատմամբ եղել է շուրջ 2 տոկոս գնաճ։

Փաշինյանը, հավանաբար, հիմք է ընդունել դեկտեմբերը դեկտեմբերի նկատմամբ ցուցանիշները։

Ըստ այդմ, 2019-ի դեկտեմբերին 2018-ի դեկտեմբերի համեմատ նվազել է հատկապես շաքարի և շաքարավազի գինը՝ 12,4 տոկոսով։ Շուրջ 5 տոկոսով նվազել են ձկան և ծովամթերքի և յուղերի ու ճարպերի գները։ Փոխարենը աճել են հացաբուլեկեղենի և ձավարեղենի ու բանջարեղենի գները։

Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տվյալների՝ 2019-ի դեկտեմբերին 2018-ի դեկտեմբերի նկատմամբ աշխարհի երկրների գերակշիռ մասում գրանցվել է գնաճ։ Սակայն Փաշինյանի պնդումը, որ Հայաստանը եղել է միակ կամ հազվագյուտ երկրներից, որտեղ եղել է գնանկում, ճիշտ չէ։

Նույն՝ «սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչք» (“food and non-alcoholic beverages”) տողում ընգրկված ապրանքների սպառողական գները 2019-ի դեկտեմբերին 2018-ի դեկտեմբերի համեմատ ցածր են եղել շուրջ երկու տասնյակ երկրներում։ Այդ թվում՝ Նորվեգիա (-0,38%), Շվեյցարիա (-0,70%), Իռլանդիա (-0,93%) և Արաբական Միացյալ Էմիրություններ (-1,07%)։